ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Հայաստանում սննդի սպասարկման ոլորտում աշխատանքի անցնելու համար բոլոր քաղաքացիները, այդ թվում օտարերկրացիները, աշխատանքի ընդունվելիս ենթարկվում են նախնական բժշկական զննության։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
Ընդգծվում է, որ պարտադիր բժշկական զննությունը կատարվում է ՀՀ կառավարության կողմից 2003թ. մարտի 27-ին ընդունված` առողջական վիճակի պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության կարգի համաձայն։
«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ։ Վերահսկողությունն իրականացվում է ստուգումների և վարչական վարույթների շրջանակներում»,– հայտնում է տեսչական մարմինը։
Միաժամանակ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ հանրային սննդի օբյեկտներում (այդ թվում խոհանոցներում) ստուգումներ անցկացնելու իրավասություն չունի: Նշված ոլորտում վերահսկողությունն իրականացնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ):
Ինչ վերաբերում է ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությանը, տեսչական մարմնից հայտնում են, որ անձի առողջական վիճակի պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության կարգի 10-րդ կետում նշված հիվանդությունների ախտորոշման կամ մանրէակրության հայտնաբերման դեպքում արգելվում է աշխատել ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում նշված կազմակերպություններում և մասնագիտություններով:
Օրինակ`չի թույլատրվում աշխատել մանրէակրության և մակաբուծակրության հայտնաբերման ու մի շարք հիվանդությունների ախտորոշման դեպքում (որովայնային տիֆ, պարատիֆեր, սալմոնելոզ, դիզենտերիա, հեմինելեպիդոզ, էնտերոբիոզ, սիֆիլիս, սուսանակի բոլոր ձևերը, բոր, վարակիչ մաշկային հիվանդություններ և այլն)։
«Նման դեպքերում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության տնօրենն անմիջապես էլեկտրոնային ձևաչափով, հեռախոսով կամ ֆաքստվ հաղորդում է, այնուհետև, 24 ժամվա ընթացքում, գրավոր տեղեկատվություն է ներկայացնում բնակության վայրի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանում»,–հայտնում է տեսչական մարմինը։
Այն անձանց, որոնք չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնը,ղեկավարի որոշմամբ, զրկվում է աշխատելու հնարավորությունից մինչև սահմանված կարգով բժշկական զննության ենթարկվելը։ Եթե բժշկական զննության արդյունքում ախտորոշվել է նշված հիվանդություններից որևէ մեկը, աշխատանքի արգելքը գործում է մինչև առողջացումը։