ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Ասիական զարգացման բանկը հետաքրքրված է Երևանի մետրոյի վերազինմամբ։ Այս մասին հայտնում է Երևանի Մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։
Ասիական Զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկի, կվերլուծի և առաջարկություններ կներկայացնի մետրոյի արդիականացման և վերակառուցման վերաբերյալ:
«Հանդիպման ընթացքում մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը ներկայացրել է նոր կառուցվող «Աջափնյակ» եւ նախատեսվող «Սուրմալու» կայարանների շինարարության հետ կապված ծրագրերը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ 1981 թվականից շահագործման հանձնված Երեւանի մետրոպոլիտենը երբեք կապիտալ վերանորոգման չի ենթարկվել։ Չնայած մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել, սակայն մետրոյի զարգացման ու վերազինման համար անհրաժեշտ են խոշոր ներդրումներ՝ ժամանակակից տեխնոլոգիաներ և տեխնիկական միջոցներ ձեռբերելու համար, որոնք կնպաստեն էլ ավելի անվտանգ ու ապահով դարձնել ստորգետնյա տրանսպորտը։