ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. Մոսկվայում տեղյակ են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կառուցման հետ կապված իրանցի պաշտոնյաների մտահոգություններին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Նախիջևան արտատարածքային միջանցքի անընդունելիության մասին Թեհրանից բազմիցս արտահայտված դիրքորոշումները։
Զախարովայի խոսքով՝ իրանական կողմի այդօրինակ մոտեցման պատճառների պարզաբանման համար պետք է ուղղակիորեն դիմել Թեհրան:
Նա հավելել է, որ Մոսկվայի դիրքորոշումը Երևանի և Բաքվի միջև կապերի ապաշրջափակման վերաբերյալ հայտնի է:
«ՌԴ-ում ելնում են նրանից, որ համապատասխան պայմանավորվածությունները կիրացվեն փոխադարձ համաձայնությամբ և փոխընդունելի պայմաններով՝ այնպես, որ դա համապատասխանի ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ տարածաշրջանի հարևան երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի շահերին», – ընդգծել Է դիվանագետը:
Ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման և սահմանազատման եռակողմ հանձնաժողովի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել էր, որ ճանապարհները պետք է գտնվեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են:
Իր հերթին, Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ դեմ է Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի բացմանը։ Ինչպես հուլիսի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել Էր Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, Թեհրանը նախկինի պես կարծում է, որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը չի բխում Հայաստանի շահերից: Խամենեին ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության կարևորությունը և նշել, որ հայ-իրանական հարաբերությունները կզարգանան փոխադարձ շահերի հիման վրա՝ անկախ այլ երկրների քաղաքականությունից: