ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Սևանի շուրջ երկօրյա հեծանվավազքի ժամանակ յուրաքանչյուր անձի սննդի համար 50 հազար դրամ է հատկացվել. դրսում, վրանի տակ 50.000 դրամ՝ միայն սննդի համար: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` դիտարկում անելով, թե այդքան գումարով Սևանա լճի շատ հյուրանոցներից կամ հյուրատներից կարելի էր օգտվել:
Նշենք, որ հեծանվավազքի կազմակերպումը ՀՀ բյուջեի վրա մոտ 40 հազար ԱՄՆ դոլար է արժեցել։ Լրատվամիջոցը տեղեկացել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի և «Էլյա Ավագյան» ԱՁ-ի միջև կնքվել է միջոցառումների համար ծառայությունների մատուցման 2 պայմանագիր։ Օգոստոսի 24-25-ը առաջին պայմանագրով ծախսվել է 9 մլն 604 հազար դրամ, 2-րդ պայմանագրով՝ 5 մլն 34 հազար դրամ։
2–րդ պայմանագրի գումարը (5 մլն 34 հազար դրամ) նախատեսված է եղել 100 անձի սնունդ մատուցելու սպասարկման համար` նախաճաշ, ճաշ 2 օր և ընթրիք՝ 1 օր։
Այնինչ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութը և պարզել հետևյալը.
«Տեսանյութում խոշոր պլանով երևացող կադրերը իլյուզիա են՝ խաբկանք, քանի որ վերևից՝ հեռակառավարվող դրոնով արված կադրերից ակնհայտորեն երևում է ամբողջ խմբի տեղաշարժը և ապացուցում, որ հեծանվավազքի մասնակիցները հազիվ 50 հոգի են՝ անվտանգության և շտապօգնության աշխատակիցներն էլ ներառյալ, և այս դեպքում հարցական է՝ ում համար է 110 անձրևապաշտպան գնվել, 200 վերնաշապիկ և այլն»,–գրում է թերթը:
Հավելենք, որ առաջին պայմանագրով էլ նախատեսված է եղել 6 (3×3) վրանի վարձույթ 5 տարբեր կետերում, բիոզուգարանների վարձույթ՝ քանակով՝ 36, 6 տարբեր կետերում, 200 վերնաշապիկի, 100 ուսապարկի, 110 անձրևապաշտպանի վարձույթ:
Պայմանագրով գումար է հատկացվել նաև ցուցանակների/կողմնորոշիչների տպագրության, դեկորատիվ շղթայված լույսերի ապահովման (600մ), գեներատորի վարձույթի (30 կվտ) և վառելիքի ապահովման, տանձանման 70 պուֆերի (փափկաթոռների) վարձույթի, տրանսպորտային և պահնորդական ծառայությունների, ներառյալ՝ սպասարկող անձնակազմի և բանվորական ուժի համար: