ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական այսօրվա նիստում պաշտպանական կողմը հանդես եկավ ճառով։
Նշենք, որ Հրայր Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): ՀՀ դատախազությունը պահանջում է մեղավոր ճանաչել վերջինիս ու 7 տարի ժամկետով դատապարտել ազատազրկման։
Նիստի սկզբում Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց, որ Թովմասյանի նկատմամբ դատական սանկցիան իրավաչափ է կիրառվել, բայց դատարանը թույլ կտա վերջինիս վերադառնալ դատական նիստերի դահլիճ և հնարավորություն կտա նրան հանդես գալ պաշտպանական ճառով։
Դրանից հետո փաստաբան Արամ Օրբելյանը սկսեց ներկայացնել իր պաշտպանական ճառը և հայտարարեց` իր ճառը տևելու է 3 դատական նիստ։ Ընդգծեց` այն ներկայացնում է մի դատավորի, որը բացարկման ենթակա է և կողմնակալ։ Օրբելյանը նշեց, որ քրեական գործն ապօրինի է հարուցվել։ Շեշտեց` քրեական գործը հարուցվել է կոնկրետ քաղաքական դրդապատճառներով։
«Այս քրեական գործն ապօրինի է նաև, որ այս քրեական հետապնդումը հարուցվել է ոչ գլխավոր դատախազի կողմից։ Դատական ակտերի վերլուծությունից էլ պարզ է դառնում, որ փորձել են Հրայր Թովմասյանի տունը խուզարկելու որոշումներ ձեռք բերել, որպեսզի նրա տանը գտնեն 8 մլն–ը գերազանցող իրեր։ Այս ամենը կապ չունի գործի հետ, բայց նմանատիպ միջնորդություններ են փորձել ստանալ, ինչն ինչ–որ ճանապարհներով ստացել են, բայց ոչինչ չեն գտել»,– ասաց փաստաբանը։
Նրա խոսքով` ակնհայտ է, որ դատական քննություն տեղի չի ունեցել, նպատակ է եղել քաղաքական իշխանությունների թաքնված օրակարգին հասնել` հեռացնել Թովմասյանին ՍԴ նախագահի, հետագայում էլ՝ ՍԴ դատավորի պաշտոններից։
Դատավոր Գրիգորյանը մի քանի անգամ ընդհատեց Օրբելյանին` պնդելով, որ վերջինս գործի հետ կապ չունեցող հանգամանքներ է ներկայացնում ու հորդորեց բուն մեղադրանքի մասին խոսել։
Այնուամենայնիվ, Օրբելյանը շարունակեց իր ճառը և ընդգծեց, որ գործում քննված ապացույցների ողջամիտ որևէ վերլուծությունից և համադրությունից հետո հնարավոր չէր եզրահանգում անել, թե Հրայր Թովմասյանի մասնակցությամբ հանցագործություն է եղել։
«Առանց Սահմանադրական դատարանի համաձայնության Հրայր Թվմասյանի նկատմամբ քրեադատավարական գործընթացներ չէին կարող սկսվել։ Ապացույցներում ՍԴ–ից որևէ փաստաթուղթ առկա չէ, մեղադրող կողմն այս ընթացքում չի ներկայացրել որևէ որոշում։ Վարույթն իրականացրած մարմինը անտեսել է Թովմասյանի ընթացակարգային անձեռնմխելիությունը` գործընթացներ նախաձեռնելով, մեղադրական գործը դատարան ուղարկելով։ Առանց ՍԴ համապատասխան որոշման Հրայր Թովմասյանը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել որևէ կարգավիճակով»,– ասաց Օրբելյանը։
Նրա պնդմամբ` ստեղծված իրավիճակում միակ հնարավոր տարբերակը Հրայր Թովմասյանին արդարացնելն է կամ այս պահից սկսած քրեական հետապնդումը դադարեցնելը։
Փաստաբանը ճառից հետո պետք է նաև դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացներ, ինչի հնարավորությունը չունեցավ, քանի որ դատավորը հայտարարեց՝ նիստն ավարտված է։ Այնուամենայնիվ Օրբելյանը նիստի ընթացքում պարբերաբար ընդգծում էր, որ դատական գործընթացը տեղի է ունենում օրենքի խախտումներով, իսկ դատարանը չի ապահովում անաչառ դատարանի կարգավիճակ, ինչի համար էլ պետք է ինքնաբացարկ ներկայացվի։ Օրբելյանն ընդգծեց` տեղի են ունենում ՍԴ 62-րդ և 63-րդ հոդվածների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտումներ։
Հաջորդ նիստը կայանալու է օգոստոսի 29-ին։
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանի գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանը օգոստոսի 22-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ քրեադատավարական նոր ինստիտուտ էր կիրառել` հանդես գալով ինքնապաշտպանական ճառով։
Նշենք նաև, որ դատական տեղեկատվական Datalex համակարգում ներկայացված մեղադրանքի համաձայն՝ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։