ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. Հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններն են (որոնք ձեռք են բերվել 2020-2022թթ.-ին), իսկ դրանք կասկածի տակ դնելու փորձերը խիստ վտանգավոր են: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետը նշել է՝ Ռուսաստանում կարծում են, որ ներկայումս եռակողմ պայմանավորվածություններին այլընտրանք չկա: Նրա խոսքով՝ դա չեն հերքում նաև Հայաստանում. մինչ օրս հանրապետության ոչ մի բարձրաստիճան ներկայացուցիչ չի հրաժարվել դրանցից և չի հայտարարել, թե այդ փաստաթղթերն անվավեր են:
«Վերոնշյալ պայմանավորվածություններն ընդգրկում են Բաքվի և Երևանի միջև կարգավորման բոլոր առանցքային գծերը, ներառյալ խաղաղության պայմանագրի մշակումը, սահմանագծումն ու սահմանազատումը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, քաղաքացիական հասարակության գծով շփումների զարգացումը։ Դրանք կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են, կարող են կողմերի փոխադարձ պարտավորությունների վակուում ստեղծել չկարգավորված մնացող երկկողմ հարաբերությունների պայմաններում»,-ասել է Զախարովան։
Դիվանագետն արձանագրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են կառուցողական երկխոսությունը շարունակելու տրամադրվածությունը, Ռուսաստանի նախագահն էլ իր հերթին ընդգծել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ այսուհետ ևս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կարգավորման գործընթացի բոլոր ուղղություններով, բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես է Մոսկվան պատկերացնում Լեռնային Ղարաբաղի բնակիչների հնարավոր վերադարձը իրենց տներ, Զախարովան հարցով է պատասխանել․ իսկ ինչպե՞ս է դա պատկերացնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արդյո՞ք նա որևէ ծրագիր ունի այդ ուղղությամբ:
Ընդ որում, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նկատել է, որ Ադրբեջանը Ղարաբաղի հայ բնակչությանը վերադարձնելու ծրագիր ունի։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին խաղաղության պայմանագրի մշակման հարցում: Վերահաստատվել է նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացի առաջխաղացման, ինչպես նաև տրանսպորտային-լոգիստիկ կապերի ապաշրջափակման հարցերում աջակցելու ռուսական կողմի պատրաստակամությունը։ Զրուցակիցները պայմանավորվել են հարմար առիթի դեպքում հանդիպել։