ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ շենքի 9-րդ հարկից խնձոր նետած 71-ամյա Ալբերտ Առստամյանը չի հերքել և ընդունել է, որ ինքն է կատարել այդ արարքը, սակայն դա խուլիգանություն որակելու հետ արտահայտել է անհամաձայնություն։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է Առստամյանի փաստաբան Ռոման Երիցյանը։
Նշենք, որ Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) նախատեսված արարք կատարելու համար։ Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Վարույթն իրականացվում է քննչական խմբի կազմով։
Փաստաբանը մանրամասնել է, որ մեղսագրված արարքի համար քրեական օրենսգիրքը նախատեսում է հետևալ պատիժները՝
տուգանք՝ առավելագույնը 1.500.000 ՀՀ դրամի չափով, կամ
հանրային աշխատանքներ՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ
ազատության սահմանափակում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ
կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ
ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ այցելել էր Երևանի Ռուբինյանց 2 հասցեում գտնվող իր հարազատներից մեկի տուն, և բնակիչներից մեկը պատուհանից խնձոր էր նետել Փաշինյանի ուղղությամբ: