4 մլն դրամ` 2 հաղորդավարին. որքա՞ն կարժենա «Մեր ժամանակների հերոսը» միջոցառումը

Միջոցառումը նկարահանելու է Հանրային հեռուստաընկերությունը և ցուցադրվելու է 2025 թվականի հունվարի 1-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունն այս տարի ՀՀ պետբյուջեի վրա կարժենա 150 մլն դրամ (390 000 ԱՄՆ դոլար)։ Այս մասին գրում է «Ժողովուրդը»։
Միջոցառումն այս տարի անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այն տևելու է 2 ժամ և նախատեսված է լինելու 1200 անձի համար։
Նշվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումների կազմակերպման ծառայությունների պայմանագիր է կնքել «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ։
Հայտնի է՝ ով է 2023-ի «մեր ժամանակների հերոսը»
Պարբերականի տեղեկություններով` համալիրի ամբողջ տարածքի և ներսի ձևավորման ու կահավորման համար տրամադրվել է 13 մլն 350 հազար դրամ։ 1200 անձի հյուրասիրության արժեքը կազմելու է 6 մլն դրամ։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վարձակալության համար էլ տրամադրվելու է 5 մլն դրամ։
Միջոցառման շրջանակում նախատեսվում է 2 հաղորդավարից յուրաքանչյուրին հատկացնել 2 մլն դրամ։ Միջոցառումը նկարահանելու է Հանրային հեռուստաընկերությունը և ցուցադրվելու է 2025 թվականի հունվարի 1-ին։ Ամբողջական տեխնիկական հագեցվածությունը կարժենա 25,6 մլն դրամ։
Նշենք նաև, որ 2019 և 2020 թվականներին մրցանակաբաշխությունն անցկացվել է ՀՀ անկախության օրը` սեպտեմբերի 21-ին։ 2022 և 2023 թվականներին միջոցառումը կայացել է դեկտեմբերի վերջին օրերին։ Կայքը գրում է, որ այս տարի նույնպես միջոցառումը չի անցկացվի սեպտեմբերի 21-ին։
Վարչապետի գլխավոր մրցանակին արժանացավ մանուկների համար խելացի խաղալիքներ ստեղծողը
Ավանդաբար միջոցառման շրջանակում համանուն հաղորդաշարի հերոսները պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարձրաստիճան պետական այրերի, մշակութային գործիչների, մարզիկների, հասարակական գործիչների կողմից։
Հիշեցնենք` 2023–ին «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին է արժանացել մաթեմատիկայի մասնագետ, ուսուցիչ, դպրոցական ձեռնարկների հեղինակ, դպրոցի հիմնադիր Սևադա Խոջաբաղյանը՝ Գորիսից։ Սևադա Խոջաբաղյանը Գորիսում փոքրիկ դպրոց է հիմնել, որտեղ իր իսկ մեթոդներով կրթում է մաթեմատիկայով հետաքրքրված երեխաներին, սովորեցնում ալգորիթմական մտածողություն։