ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. ՄԱԳԱՏԷ-ն կիսում է «Ռոսատոմի» տեսակետն առ այն, որ Կուրսկի ԱԷԿ-ի վրա հարձակումը կհարվածի համաշխարհային ատոմային էներգետիկային: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի ատոմային պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորած պատվիրակությունը այսօր այցելել է Կուրսկի ԱԷԿ և Կուրչատով քաղաք:
Լիխաչովը պատմել է, որ ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը՝ գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ, օպերատիվ կերպով ժամանել է Կուրսկի ԱԷԿ և մանրակրկիտ ուսումնասիրել կայանում տիրող իրավիճակը:
«Մեր գործընկերները բավականին օպերատիվ կերպով արձագանքեցին հրավերին, ժամանեցին, և, ընդհանուր առմամբ, մանրամասն ուսումնասիրեցին կայանում տիրող իրավիճակը, տեսան Կուրչատովում, գործող կայանի հարթակում, շինհրապարակում ներկայումս առկա լարվածությունը և միջոցառումների շարքը, որոնք ապահովում են անվտանգությունը, առաջին հերթին՝ մարդկանց և օբյեկտի անվտանգությունը»,-ասել է Լիխաչովը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարվածներ հասցնել Կուրսկի ԱԷԿ-ին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ Ռուսաստանը սերտ կապի մեջ է ՄԱԳԱՏԷ-ի քարտուղարության հետ՝ կապված Զապորոժիեի ԱԷԿ-ի և Կուրսկի ԱԷԿ-ի նկատմամբ Կիևի ռեժիմի սադրանքների հետ: