ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Ամերիկացի հայտնի երգչուհի և դերասանուհի Մրայա Քերին հայտնել է, որ օրեր առաջ նույն օրվա մեջ կորցրել է մորը՝ Պատրիսիային, և քրոջը՝ Ալիսոնին:
«Սիրտս կոտրվել է, ես կորցրել եմ մորս հանգստյան օրերին։ Ցավոք, ողբերգական զուգադիպության արդյունքում քույրս կյանքից հեռացել է նույն օրը», - People ամսագրին ասել է երգչուհին։
Քերին նաև հավելել է, որ երջանիկ է եղել մոր հետ անցկացնել նրա մահվանից առաջ վերջին շաբաթը ՝ չնայած կյանքի ընթացքում բարդ և անկայուն հարաբերություններին: Մոր և քրոջ մահվան պատճառները երգչուհին չի բարձրաձայնել՝ խնդրելով հարգել իր անձնական կյանքի իրավունքը:
Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Մրայա Քերիի հարաբերությունները բարդ են եղել նաև քրոջ հետ։ Երգչուհին իր հուշերում գրել էր, որ իր համար ավելի անվտանգ է չշփվել քրոջ և եղբոր՝ Մորգանի հետ։
87-ամյա Պատրիսիա Քերին դասավանդում էր օպերային երգեցողություն։ «The Meaning of Mariah Carey» գրքում երգչուհին պատմել է մոր հետ բարդ հարաբերությունների մասին։ Երգչուհու խոսքով ՝ դժվարությունների պատճառը մասնագիտական մրցակցությունն էր։
Գրքի հրապարակումից հետո Ալիսոնը դատի է տվել Մրայային՝ պահանջելով 1,2 միլիոն դոլար հսկայական հուզական տառապանքի համար։