ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Համաշխարհային շուկայում էլեկտրամոբիլների գների նվազումն ավելի մատչելի է դարձրել դրանք հայաստանյան շուկայի համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է Էլեկտրամոբիլների զարգացման նախագծի հիմնադիր Կարեն Դերձյանը։
«Այս պահին մոտ 4 մլն դրամից սկսած կարելի է նոր էլեկտրական մեքենա գնել, ինչը ներքին այրման շարժիչով մեքենաների դեպքում հայկական շուկայում հնարավոր չէ։ Այնպես որ, գները երևի ամենալուրջ ազդեցությունն ունեն ներմուծման ու վաճառքի քանակների ավելացման վրա»,– նկատում է մեր զրուցակիցը։
Կարեն Դերձյանի կարծիքով` երկրորդ գործոնը, որը կարող է հանգեցնել վաճառքի ծավալների ավելացման, էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաների համար սահմանված ժամկետի ավարտին մոտենալն է։
Բանն այն է, որ ԵԱՏՄ անդամ երկրների համար ամեն տարի սահմանվում է էլեկտրամոբիլների ներմուծման քվոտավորված խմբաքանակ, որն ազատվում է մաքսատուրքից։ ԵԱՏՄ որոշման ժամկետն ավարտվում է 2026 թվականին, և, եթե նոր որոշմամբ ժամկետը չերկարացվի, 2026թ–ի հունվարի 1-ից ՀՀ ներմուծված էլեկտրամոբիլ ներկրողներն ստիպված կլինեն մաքսատուրք վճարել, ինչը զգալիորեն կավելացի դրանց ինքնարժեքը, հետևաբար նաև շուկայական գինը։
ՀՀ պետեկամուտների կոմիտեի հրապարակած վիճակագրության համաձայն` այս տարվա համար սահմանված 8000 ավտոմեքենաների քվոտայից մնացել է ընդամենը 2563-ը։
Նախորդ տարիների համեմատ սա բավական լավ ցուցանիշ է, քանի որ մինչև հիմա Հայաստանը երբևէ ամբողջությամբ չի սպառել իրեն հատկացված քվոտան։ 2023թ–ին, օրինակ, սահմանված 8 000 քվոտայից ներմուծվել է 5000-ը, իսկ 2022թ–ին`7000 –ից ընդամենը 2 680–ը։
Կարեն Դերձյանից հետաքրքրվեցինք` կարո՞ղ է արդյոք ներմուծման ծավալների ավելացումը պայմանավորված լինել քվոտայի ժամկետի ավարտով. այսօր էժան ներկրում են` 1 տարի հետո շատ ավելի թանկ վաճառելու նպատակով։
«Չեմ կարծում, որովհետև գրեթե բոլոր ներկրողները մեքենաների մի մասը նույնիսկ ճանապարհից են վաճառում` դեռ Հայաստան չհասած։ Այնպես որ, շուկայում պահանջարկն ավելի մեծ է, քան առաջարկը»,– պատասխանեց ոլորտի մասնագետը։
Ինչ վերաբերում է էլեկտրամոբիլների ներկրման քվոտայի ժամկետի ավարտին, Դերձյանը չի հերքում` ժամկետըչերկարացնելու դեպքում գների բաձրացումն անխուսափելի կլինի։
«Ներկրողները ստիպված կլինեն յուրաքանչյուր մեքենայի համար 15 տոկոս մաքսատուրք վճարել»,– արձանագրում է նա։
Ի դեպ, Հայաստանում արդեն ձևավորվել է նաև էկելտրամոբիլների երկրորդային վաճառքի շուկա, որը Կարեն Դերձյանի գնահատմամբ, ևս բավական ակտիվ է, շատ վարորդներ նոր ավետոմեքենան 2-3 տարի շահագործելուց հետո վաճառում են այն։ Կան նաև շատ ավելի հին ավտոմեքենաներ։
«Օրինակ` չինական արտադրողները լեկտրամոբիլների մարտկոցների համար 8-10 տարվա երաշխիք են տալիս, իսկ մենք շուկայում ունենք գրեթե 13-14 տարեկան մեքենաներ, որոնք մինչև հիմա նորմալ շահագործվում են։ Հայաստանում ճանապարհների երկարությունն այնպիսին չէ, ինչպես Եվրոպայում կամ ԱՄՆ–ում, հետևաբար վազքն էլ շատ չէ։ Բացի այդ, եղանակային պայմաններն էլ ավելի լավն են, ինչը ևս նպաստում է մեքենաների ավելի երկար շահագործմանը»,– պարզաբանում է մասնագետը։
Կարեն Դերձյանի դիտարկմամբ` Հայաստանում վերջին տարիներին բավական ակտիվ զարգանում են նաև էլեկտրամոբիլների համար նախատեսված կոմունիկացիաները։ Լիցքավորման հնարավորություններ կան գրեթե ամենուրեք։ Եվ այս հանգամանքը ևս նպաստում է էլեկտրամոբիլների քանակի ավելացմանը ոչ միայն Երևանում ու մեծ քաղաքներում, այլև արդեն գյուղական բնակավայրերում։
Հիշեցնենք` ԵՏՀ խորհրդի որոշմամբ էլեկտրամոբիլները թույլատրվում է առանց մաքսատուրքի Հայաստան ներմուծել մինչև 2024 թվականի ավարտը։
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրաժարվել է անմաքս ներմուծումից` սեփական արտադրությունը զարգացնելու համար։