ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հիսուս Քրիստոսի արձանը, որը շուտով Հատիսի գագաթին կլինի, 90 տոկոսով պատրաստ է։ Մնում են մի քանի շտկման աշխատանքներ, և այն հնարավոր կլինի ամբողջացնել։
Հիսուսի արձանը
© Sputnik / Andranik Ghazaryan
Այս պահին արձանի հատվածներն առանձին–առանձին Զովունի գյուղում են, քանդակագործ Արմեն Սամվելյանի արվեստանոցում։ Մոնումենտալ արձանը ոչ թե մարմարե, այլ ալյումինե է, պատված է հատուկ սպիտակ ներկով, որ բերվել է արտերկրից։
Գագիկ Ծառուկյանը Հիսուսի արձանի մոտ
© Sputnik / Andranik Ghazaryan
Արձանի բարձրությունը 33 մետր է կշիռը` 17–20 տոննա։ Պատվանդանի հետ միասին արձանը, ամենայն հավանականությամբ, 95 մ բարձրություն կունենա, չնայած նախատեսվում էր 77 մ։ Արձանըստեղծելու համար քանդակագործն աշխատել է երկու տարի։
Արեմն Սամվելյանը մրցույթին մասնակցել է Հիսուս Քրիստոսի արձանի երկու տարբերակով, իր կարծիքով` չհաղթած տարբերակն ավելի օրիգինալ լուծումներ ուներ, բայց ընտրեցին այս մեկը։ Իսկ Բրազիլիայում գտնվող հայտնի Հիսուս Քրիստոսի արձանի հետ նմանություն նա չի տեսնում։ Ասում է` լրիվ ուրիշ աշխատանք է։
Քանդակագործ Արմեն Սամվելյանը Հիսուսի արձանի ֆոնին
© Sputnik / Andranik Ghazaryan
Արձանի գաղափարի հեղինակ Գագիկ Ծառուկյանը այսօր եկել էր տեսնելու, թե ինչ փուլում են արձանի աշխատանքները։ Շատ հավանում է գործը, իսկ քննադատություններին նորմալ է վերաբերվում։ Համոզված է` ինչ էլ աներ, միևնույն է` դժգոհողներ լինելու էին։
Գագիկ Ծառուկյանը Հիսուսի արձանի մոտ
© Sputnik / Andranik Ghazaryan
«Միշտ լինում են մարդիկ, որ դեմ են, կողմ են, բայց ամեն ինչի լավ ու վատը ժամանակն է ցույց տալիս։ Ես վստահ եմ, որ սա մեր երկրի ճանաչման ու հզորացման համար հրաշալիք է լինելու։ Օրինակ` Էյֆելյան աշտարակը երբ դնում էին, բոլորը դեմ էին, բայց հիմա հրաշալիք է համարվում»,– լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը։
Գագիկ Ծառուկյան
© Sputnik / Andranik Ghazaryan
Նախագծով նախատեսվում է նաև արձանի ներքևի մասում, պատվանդանի ներսում թանգարան բացել, որտեղ կներկայացվի Հիսուս Քրիստոսի ամբողջ կյանքն ու պատմությունը։
Հիսուսի արձանը
© Sputnik / Andranik Ghazaryan
Իսկ երբ այն արդեն կտեղադրվի Հատիսի գագաթին հարցը դեռ մնում է անհայտ։
Հիշեցնենք` Ծառուկյանը Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին տեղեկացրել էր 2022 հունվարի 14-ին։ Մարտի 24-ին Հայ առաքելական եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ` Գագիկ Ծառուկյանին հորդորելով զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։ Նշվում էր, որ նման արձանը հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։ Սակայն եկեղեցու դիրքորոշումը Ծառուկյանին հետ չպահեց իր մտքից, ավելին` նա ի պատասխան 3 հակափաստարկ ներկայացրեց ու շարունակեց նախագծի իրագործումը։