ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը նույն ընկերության 6 աշխատակիցների օժանդակությամբ շուրջ 410 մլն դրամ գումար են հափշտակել, կեղծել փաստաթղթեր: Նրանց նկատմամբ մեղադրանք է ներկայացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ Sputnik Արմենիայի աղբյուրների` խոսքը «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության ղեկավար Մնացական Մնացականյանի մասին է։ Նրա պաշտոնավարումն արդեն կասեցվել է և պաշտոնական տեղեկագրերում արդեն նշված է, որ ընկերության գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող է նշանակվել Դավիթ Գրիգորյանը։
Պարզվել է, որ նշված պաշտոնատար անձը (Մնացական Մնացականյանը–խմբ.) 2014–2019 թթ. ընթացքում իրեն և ընկերության 10 աշխատակիցներին Թբիլիսի գործուղելու վերաբերյալ հրամաններ է արձակել, որի հիման վրա դուրս գրել գործուղման` շուրջ 25 մլն դրամի ծախս: Մինչդեռ պարզվել է, որ նշված աշխատակիցները փաստացի կա՛մ գործուղման չեն մեկնել, կա՛մ մեկնել են արձանագրված ոչ ամբողջ ժամանակահատվածով:
Նույն ժամանակահատվածում նա նաև Թբիլիսի գործուղման նպատակով ընկերության 3 վարորդներին 215.150 դրամ արժեքով ընդհանուր 640 լիտր բենզին հատկացնելու վերաբերյալ հրաման է արձակել: Քննությամբ պարզվել է, որ նշված անձինք փաստացի չեն մեկնել գործուղման:
Բացի այդ, 2017 թվականին կրկին Թբիլիսի գործուղման ընթացքում նվերներ մատուցելու պատրվակով ընկերության աշխատակազմում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի զեկուցագրի հիման վրա 200 հազար դրամ է հատկացվել։ Մինչդեռ այդ ժամանակ ընկերության որևէ աշխատակից փաստացի գործուղման չի մեկնել:
Ղեկավարելով նաև ընկերության համակարգչային և ծրագրային ապահովման ծառայությունը` նույն պաշտոնյան տեխնիկական սպասարկման, ընթացիկ վերանորոգման և ծրագրային ապահովման սպասարկման ծառայությունների մատուցման մտացածին նպատակով առանց պետական գնումների համար նախատեսված մրցույթ հայտարարելու, մի ՍՊԸ-ի հետ կնքել է գնման պայմանագիր։ Պարզվել է, որ դրա անհրաժեշտությունն ընկերությունը չի ունեցել և նախատեսված աշխատանքները փաստացի չեն կատարվել։
Արդյունքում 2014 թ․ սեպտեմբերից մինչ 2019 թ․ դեկտեմբեր «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերությունից ՍՊԸ–ին վճարվել է ավելի քան 168 մլն դրամ։ Այս գումարը «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության պաշտոնյան, համակարգչային ցանցի ադմինիստրատորը ՍՊԸ տնօրենի և բաժնի պետի օժանդակությամբ հափշտակվել է:
Բացի այդ, 2014 թ․ հունվարից մինչև 2024 թ․ հունիս ընկերության մեկ այլ աշխատակցի օժանդակությամբ նշված պաշտոնյան իրեն լրացուցիչ աշխատավարձ հանդիսացող վճարներ տրամադրելու վերաբերյալ հրամաններ է արձակել՝ հափշտակելով ավելի քան 216 մլն դրամ:
Ղեկավար պաշտոն զբաղեցնող նշված անձի (Մնացականյանը–խմբ.) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և ներկայացվել է մեղադրանք խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը հոդվածներով:
Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքը, պաշտոնավարման կասեցումը և գրավը՝ 25 մլն դրամի չափով:
Նրան օժանդակելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել նաև ընկերության 6 աշխատակիցների նկատմամբ, որոնցից հինգի նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը, իսկ վարորդներից մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից ավելի քան 31 մլն դրամը: