ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Ֆրանսիայի Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Լրատվամիջոցների տվյալներով՝ Դուրովը մասնավոր ինքնաթիռով Ֆրանսիա է ժամանել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից՝ թիկնապահի և օգնականի ուղեկցությամբ: Նշվում է, որ Դուրովը մտադիր էր առնվազն մեկ երեկո անցկացնել Փարիզում, որտեղ նա նախատեսել էր ընթրել:
Ֆրանսիայի արդարադատությունը կարծում է, որ մի շարք պատճառներ, այդ թվում՝ երկրի իշխանությունների հետ համագործակցությունից Telegram-ի հրաժարվելը, Դուրովին հանցակից են դարձնում մի շարք հանցագործությունների: Նրան կարող են մեղադրանքներ առաջադրվել, այդ թվում՝ ահաբեկչության, թմրանյութերի վաճառքի, խարդախության և փողերի լվացման համար:
Ինչպես ընդգծում են ֆրանսիական ԶԼՄ-ները, քանի որ Դուրովը գիտեր, որ ինքը Ֆրանսիայում անցանկալի անձ է, նա խուսափում էր ճանապարհորդել Եվրոպայում, հատկապես այն երկրներում, որտեղ Telegram-ին հատուկ ուշադրություն է դարձվում: