ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանցի տիտղոսակիր գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը կնշի պատանեկան Գրան պրիի հինգերորդ փուլում, որը կանցկացվի Լեհաստանի Գդանսկ քաղաքում սեպտեմբերի 25-28-ը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրին։
Այս պահին հայտնի չէ, թե 15-ամյա գեղասահորդուհին Լեհաստանում կայանալիք Գրան պրիից հետո որ մրցաշարին կմասնակցի:
Հիշեցնենք` Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում մարզվող Տիտովան Հայաստանի հավաքականին միացավ այս տարվա մայիսին: Նրա «զինանոցում» կան բարդ տարրեր, ինչպիսիք են քառակի ցատկը և եռակի ակսելը:
Տիտովան բոլորովին վերջերս է ՀՀ քաղաքացիություն ստացել։ Թե ինչու է ընտրությունը կանգ առել հենց Հայաստանի վրա, Sputnik Արմենիային մանրամասն պատմել է նրա մայրը։