ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Լիբանանից արձակված հակատանկային հրթիռներն ընկել են իսրայելական ռազմաօդային ուժերի կառավարման կենտրոնի վրա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Գալեյ Ցախալ» բանակային ռադիոկայանին։
Ավելի վաղ Իսրայելի հյուսիսում օդային տագնապի ազդանշաններ են հնչել։
«Հակատանկային հրթիռները Միրոնում ընկել են ավիացիայի կառավարման կենտրոնի վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ռադիոկայանը, մեջբերելով անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներին, նշում է, որ հայտնաբերման համակարգերը շարունակում են անդադար աշխատել։
Հիշեցնենք` իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվեց 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողություններից հետո։ Իսրայելական բանակն ու լիբանանյան «Հզբոլլահ» շարժման մարտիկներն ամեն օր գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանի երկայնքով։ Լիբանանի ԱԳՆ-ի տվյալներով՝ մոտ 100 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Իսրայելի կողմից գնդակոծությունների պատճառով: Իսրայելական կողմը հայտնել է, որ նմանատիպ իրավիճակում է հայտնվել Իսրայելի հյուսիսի շուրջ 80 հազար բնակիչ: