ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահի շրջանում ոչնչացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման` մոտ մեկ կիլոմետր երկարությամբ թունելը: Այս մասին հայտնում է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը։
««Հարավային Գազա» բրիգադի և «Գազա» դիվիզիայի ինժեներամարտական ստորաբաժանման մարտիկները «Յահալոմ» ստորաբաժանման հետ համատեղ հայտնաբերել և ոչնչացրել են ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության` մոտ մեկ կիլոմետր երկարությամբ ստորգետնյա թունելը», - ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ իսրայելական բանակի` զինծառայողները թունելն ուսումնասիրելիս պայթուցիկ նյութեր և այլ պայթուցիկ սարքեր են հայտնաբերել:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելն էլ ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություն սկսեց, որը շարունակվում է մինչ օրս։