Գարեգին կաթողիկոսը կոչ է արել Կիևին չխախտել ուղղափառ համայնքի միասնությունը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն. Արխիվային լուսանկար
Ուկրաինայի Գերագույն ռադան օգոստոսի 20-ին օրենք է ընդունել, որը թույլ է տալիս արգելել Ուկրաինայի կանոնիկ ուղղափառ եկեղեցու գործունեությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն կոչ է արել Կիևին չխախտել ուղղափառ համայնքի միասնականությունը։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Ուկրաինայի Գերագույն ռադան օգոստոսի 20-ին վերջնական ընթերցմամբ օրենք է ընդունել, որը թույլ է տալիս արգելել Ուկրաինայի կանոնիկ ուղղափառ եկեղեցու գործունեությունը: Օրենքի ուժի մեջ կմտնի դրա հրապարակումից 30 օր հետո։
«Ամենայն հայոց կաթողիկոսը կոչ է անում Ուկրաինայի իշխանություններին չխախտել ուղղափառ համայնքի պատմականորեն ձևավորված միասնականությունը, պաշտպանել գործող կրոնական համայնքների, հավատացյալների և հոգևորականների իրավունքները, հարգել սրբավայրերի անձեռնմխելիությունը։
Արթենյանը հիշեցրել է, որ վեհափառն իր դիրքորոշումը հայտնել է, երբ Ուկրաինայի կրոնական կազմակերպությունների գործունեության ոլորտում սահմանադրական կարգի պաշտպանության մասին օրենքը դեռ մշակման փուլում էր։ Կաթողիկոսը ցավով է նշել, որ Հայ առաքելական եկեղեցու և այլ եկեղեցիների մտահոգություններն այս օրինագծի վավերացման հնարավոր հետևանքների և հոգևոր–կանոնական կյանքի, ուղղափառ բնակչության վրա դրա բացասական ազդեցության վերաբերյալ արձագանք չի եղել, իսկ որոշումներն ընդունվել են քաղաքական իրավիճակի ազդեցության ներքո։
2023 թվականի ապրիլին Գարեգին Բ–ն արձագանքեց ուկրաինական եկեղեցում առկա տարաձայնություններին և ցանկություն հայտնեց, որ շուտով խաղաղություն տիրի ուղղափառ եկեղեցու մեծ ընտանիքում: Նա նշել էր, որ հոգևոր աշխարհում առկա խնդիրներն ու տարաձայնությունները պետք է լուծվեն զուտ եկեղեցական կանոններին համապատասխան: