Աստված ինձ օգնեց գոլ խփել. «Փյունիկի» ֆուտբոլիստը խոսել է թիմի մթնոլորտի ու մարզչի մասին

Ֆուտբոլիստն ընդգծել է, որ ակումբում շրջապատված է հիանալի խաղացողներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. «Փյունիկ» ակումբի ֆուտբոլիստ Սանի Բուհարին երջանիկ է, որ մարզիչը հավատացել է իրեն ու ընդգրկել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի «Փյունիկ» - «Ցելե» խաղի մեկնարկային կազմում, որտեղ ինքը միակ գոլի հեղինակն է դարձել։ Այս մասին նա ասել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հետ հարցազրույցում։
«Ես չեմ կարող նկարագրել էմոցիաներս, քանի որ շատ երջանիկ եմ: Սա իմ առաջին խաղն էր, առաջին գոլը, ես միշտ աղոթել եմ Աստծուն, որ մեկ հնարավորություն տա, քանի որ պետք է խաղամ, բայց մեծ ֆուտբոլիստ չեմ: Այնուամենայնիվ, մարզիչը հավատաց ինձ ու ընդգրկեց մեկնարկային կազմում: Ես փորձեցի անել առավելագույնը, որպեսզի օգնեմ թիմին, Աստված ինձ օգնեց գոլ խփել»,–ասել է ֆուտբոլիստը։
Նա ընդգծել է, որ ֆուտբոլային ակումբում շրջապատված է հիանալի խաղացողներով, որոնք իր վրա չեն բղավում սխալվելու դեպքում։
«Նրանք ինձ աջակցում են, քաջալերում, ճիշտ ուղին են ցույց տալիս, նրանք ասում են` Սանի՛, խաղա՛, դու կարող ես անել դա: Ես մտածում էի, որ եթե սխալվեմ, մեկը կգոռա, կասի` ինչո՞ւ, Սանի՛, բայց ոչ, նույնիսկ մարզիչը ինձ միշտ օգնում է: Ես ինձ լավ եմ զգում այստեղ, այդ պատճառով լավ եմ խաղում»,–ասել է նա:
«Փյունիկը» հաղթեց «Ցելյեին» Կոնֆերենցիաների լիգայի փլեյ - օֆֆի առաջին խաղում
Սանին համարում է, որ «Ցելեի» թիմը ուժեղ է, բայց իրենք ճիշտ են մտածել ու գործել։
Ֆուտբոլիստը հույս ունի, որ իր թիմի երկրպագուները կաղոթեն իրենց համար, որպեսզի հասնեն իրենց նպատակներին:
Հիշեցնենք, որ Բուհարին «Փյունիկ» է տեղափոխվել հայկական մեկ այլ ակումբից՝ «Վանից»: