Երկարաթև հագուստ, միջատավանիչ միջոցներ. ի՞նչ անել Արևմտյան Նեղոսի տենդից խուսափելու համար

Մոծակ
Խորհուրդ է տրվում սահմանափակել մթնշաղին մինչև լուսաբաց դրսում անցկացրած ժամանակը, ինչպես նաև խուսափել երկար խոտերից, խոնավ տարածքներից, թփերից և խոտածածկ ափերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik․ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն ուղեցույց է հրապարակել Արևմտյան Նեղոսի տենդից խուսափելու համար։ Ուղեցույցը բաղկացած է 8 կետից։
Սահմանափակել մթնշաղին մինչև լուսաբաց դրսում անցկացրած ժամանակը, երբ մոծակներն ակտիվանում են։
Ձեռք չտալ սատկած թռչուններին։
Կրել երկարաթև հագուստ։
Հեռացնել տան շրջակայքում առկա ջրականգերը` մոծակների բազմացումը կանխելու համար։
Կրել մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, պաշտպանիչ հագուստ` հիվանդ կենդանիների հետ շփման, սպանդի կամ մսեղիքի մշակման ընթացքում։
Խուսափել երկար խոտերից, խոնավ տարածքներից, թփերից և խոտածածկ ափերից։
Օգտագործել միջատավանիչ միջոցներ։
Օգտագործել պատուհանի և դռների համար նախատեսված հակամիջատային ցանց։
Հիշեցնենք` Արևմտյան Նեղոսի տենդը մեծամասամբ ընթանում է ասիմպտոմ։ Մինչև 85 % դեպքերում մարդիկ չգիտեն, որ վարակված են այդ հարուցիչով։ Մնացած դեպքերում մարդկանց մոտ կարող են ախտանշաններ լինել ջերմության, գլխացավի, ցանավորման տեսքով։ Հիվանդության ինկուբացիոն շրջանը կարող է տևել 2-3 շաբաթ, բայց ավելի հաճախ տևում է 3-6 օր։ Վարակված մարդու ջերմությունը կարող է բարձրանալ 38-40 աստիճան, դողէրոցք սկսվել։ Հիվանդությանը բնորոշ են ուժեղ գլխացավը, փսխումները։ Վիրուսը բարդացման փուլում կարող է առաջացնել ընդհուպ մենինգոէնցեֆալիտ, որը միաժամանակ ուղեղի թաղանթի և ուղեղի բորբոքումն է։
Օգոստոսի 21-ի դրությամբ` Արևմտյան Նեղոսի տենդով հաստատված դեպքերի թիվը հասել է 58-ի, հոսպիտալացված են 41 մարդ, 4-ի վիճակը ծանր է, մեկ մարդ մահացել է։