ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Ամենահեղինակավոր կառույցները որև խնդիր չեն գտել Հայաստանի անկախության հռչակագրում։ Հռչակագրի ընդունման 34-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Նշենք, որ կառավարության նիստերի դահլիճում այսօր հավաքվել էին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախկին անդամներ, Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավորներ, քաղաքական և հասարակական գործիչներ:
«ՀՀ Սահմանադրությունը և նրա համար հիմք հանդիսացող Անկախության հռչակագիրը բազմիցս բծախնդիր ուսումնասիրության է ենթարկվել ամենահեղինակավոր մասնագիտացված կառույցների կողմից, ու նրանցից որևէ մեկը այդ փաստաթղթում հակաիրավական կամ ծայրահեղական որևէ դրույթ չի նկատել»,– ասաց նախկին պատգամավորը։
Մինասյանն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեմ է ՀՀ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի վերացմանը։
«Մեր Սահմանադրությունը հիմնված է ՀՀ Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքների և համազգային նպատակների վրա։ Այս դրույթը դարձել է ոչ միայն արտաքին թշնամու, այլև ներքին դավաճանների համար շահարկման առարկա»,– ասաց նա։
Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, հռչակեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։
Նույն օրը` փետրվարի 1-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։
Ներկայիս Սահմանադրության նախաբանում նշվում է, որ այն ընդունվել է Անկախության հռչակագրում ամրագրված սկզբունքների հիման վրա։ 1990 թվականին ընդունված հռչակագիրը որպես հիմնարար սկզբունք մատնանշում է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի վերամիավորման մասին որոշումը:
Հիշեցնենք նաև, որ Ալիևը ապրիլի 23-ին հայտարարեց` մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։