Ռիսկային է. փորձագետը խոսել է ՀՀ–ում նոր ատոմակայան կառուցելու բոլոր առաջարկների մասին

Մեծամորի ատոմակայանը
Արթուր Ավետիսյանի կարծիքով` ՀՀ իշխանությունները պետք է համապարփակ վերլուծեն բոլոր առաջարկությունները և գիտակցեն, որ իրենց որոշումը ռազմավարական է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Հայաստանը դիմել է ԱՄՆ–ին քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր կնքելու համար։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանի և ԱՄՆ–ի միջև նոր ատոմակայանի կառուցման շուրջ բանակցությունները մտել են առարկայական փուլ, սակայն այդ ուղղությամբ կոնկրետ գործողություններ չեն հստակեցվել:
Նշենք, որ խոսքը համագործակցության համաձայնագրի մասին է, որը ԱՄՆ–ն կնքում է ատոմային Էներգետիկայի մասին ԱՄՆ օրենքի շրջանակում: Համաձայնագրի ստորագրման համար ԱՄՆ–ի գործընկեր երկիրը պետք է համապատասխանի օրենքի չափանիշներին ու միանա այդ համաձայնագրին:
«ՍիվիլՆեթին» տված գրավոր մեկնաբանության մեջ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել էր, որ համաձայնագրին միանալու Հայաստանի դիմումն ուսումնասիրվում է, որի հաստատման պարագայում Հայաստանը կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանը նշեց, որ այդ փաստաթղթին միանալու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ–ն այդպիսով կկարողանա առարկայորեն դիտարկել քաղաքացիական միջուկային էներգետիկայի այս կամ այն առաջարկը։
«Հասկանալու համար գործնականում այդ առաջարկները ՀՀ–ին հարմար են, թե ոչ, արդյոք հրապարակված տեխնիկական ու տնտեսական ցուցանիշները իրականությանը համապատասխանում են, թե ոչ, հնարավոր է միայն, եթե դրանց փաստաթղթերն ուսումնասիրվեն, իսկ այդ փաստաթղթերին հասանելիություն կլինի, եթե ՀՀ–ն միանա քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագրին։ Այսինքն` դա չի ենթադրում, որ ՀՀ–ում անպայման պետք է ամերիկյան ատոմակայան կառուցվի»,– ընդգծեց փորձագետը։
Ըստ նրա` ՀՀ–ին անհրաժեշտ է միջինից հզոր ատոմակայան, իսկ խաղաղ միջուկային էներգետիկայի բնագավառում փորձի տեսանկյունից առաջատար երկրներից են Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ–ն, Ֆրանսիան։ Մեծ` 1000–1200 ՄՎտ հզորություններով ատոմակայանների կառուցման հարցում բացարձակ առաջատարը ՌԴ–ն է։
Ավետիսյանի խոսքով` փոքր և միջին հզորություններով ատոմակայաններն աշխարհում այդքան էլ պահանջարկված չեն, դրա համար պետությունների մեծ մասն այդ ուղղությամբ գրեթե չի աշխատում։
«Արտերկրում ամենից շատ ատոմակայան կառուցում է ՌԴ–ն, սակայն միայն 1000–1200 ՄՎտ հզորության, և գաղտնիք չէ, որ ՀՀ–ին ևս նման առաջարկ արել է Ռուսաստանը։ Ֆրանսիացի գործընկերների այցելությունները պայմանավորված են միայն գործող ՀԱԷԿ–ի աշխատանքներով, ոչ թե նոր կայանի կառուցման հարցով»,– նկատեց փորձագետը։
Ինչ վերաբերում է ԱՄՆ–ի առաջարկին, ապա դրանք մինչև 300 ՄՎտ հզորության փոքր մոդուլային կայաններն են։ Ըստ փորձագետի` դրանց հիմնական ու ակնհայտ թերությունն այն է, որ որևէ մեկը չի կարող հիմնավոր կերպով ապացուցել այս կայանների պարամետրերը` արդյոք դրանք իրակա՞ն են, թե ոչ, մի պարզ պատճառով` դրանք գործնականում դեռ չեն շահագործվել։

«Ռիսկային է որոշում կայացնել հօգուտ չլիցենզավորված, շահագործման չհանձնված կայանների։ Մի քանի տարի անց միգուցե դրանք ապացուցեն իրենց արդյունավետությունը, սակայն մենք այդքան ժամանակ չունենք»,– ընդգծեց Ավետիսյանը։

Նրա խոսքով` նոր ատոմակայան կառուցելու ՀՀ–ին արված բոլոր առաջարկներն ինչ–որ խնդիրներ ունեն` որոշները տեխնիկական, որոշները` նախագծային, որոշներն էլ հզորությունների մասով։
Այդ նպատակով, Ավետիսյանի կարծիքով` պետք է բոլոր առաջարկությունները համապարփակ վերլուծել և հասկանալ, որ այդ որոշումը ռազմավարական որոշում պետք է լինի, իսկ որոշում կայացնողները սերունդների առաջ պատասխանատվություն են կրելու, եթե այն սխալ եղավ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1–ի ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում կայացվեց ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն։
Հիշեցնենք նաև, որ նույն օրը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնեց, որ ամերիկյան ընկերությունը Հայաստանում տեխնիկատնտեսական հետազոտություն է իրականացնում փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ։
Իսկ այս տարվա փետրվարի 8–ի կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոսեց այն մասին, որ ՀՀ կառավարությունը քննարկում է մոդուլային ատոմակայան ունենալու հարցը։
Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն էլ Սոչիում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ այս պահին Հայաստանին անհրաժեշտ է մինչև 1000 ՄՎտ հզորությամբ ռեակտոր։ Նրա խոսքով` Հայաստանը ԱԷԿ-ի կառուցման առաջարկների է սպասում մի քանի երկրից, և դեռ որոշված չէ` այն պետք է ստացիոնար լինի, թե մոդուլային:
Ատոմակայանի հարցում Հայաստանը կանգնած է Լիտվայի դառը փորձը կրկնելու վտանգի առաջ. Դավթյան