ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Բելառուսական հետախուզության միջոցները տեսնում են Ուկրաինայի տարածքում գտնվող զինվորականների բոլոր խմբավորումներին, և Մինսկը պատրաստ է անհրաժեշտության դեպքում համարժեք պատասխան տալ նրանց գործողություններին։ Այս հայտարարությունն արել է Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։
Ավելի վաղ Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտարարել էր, որ Կիևի զինված սադրանքների հավանականությունը մեծ է։
«Մեր հետախուզության միջոցները տեսնում են սահմանակից պետության տարածքում ստեղծված բոլոր խմբավորումներին։ Գիտենք նրանց մտադրությունների մասին և պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում համարժեք արձագանքել», - Վոլֆովիչի խոսքը մեջբերում է Բելառուսի պաշտպանության նախարարության Telegram-ալիքը։
Նրա խոսքով՝ բելառուսական խմբավորումներն ապահովված են ռադիոԷլեկտրոնային պայքարի ամենաժամանակակից միջոցներով, անօդաչու թռչող սարքերի հակազդման միջոցներով: Դրանից բացի, խնդիրները դրվում են՝ հաշվի առնելով հակադիվերսիոն գործողությունների իրականացումը։
«Հուսանք, որ մեր հարևանը, այնուամենայնիվ, ինչ-որ սադրիչ գործողությունների չի դիմի։ Քանի որ մեր երկիրը միտված է խաղաղության, լավ, բարիդրացիական հարաբերությունների», – ասել է Վոլֆովիչը։
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ օգոստոսի 9-ին հանրապետության տարածքում խոցվել են ուկրաինական հարվածային անօդաչու թռչող սարքեր, մի մասն էլ ոչնչացվել է ռուս գործընկերների կողմից ՌԴ տարածքում: Երկրի ղեկավարը դա սադրանք էր անվանել՝ հավելելով, որ սադրանքներն անպատասխան չեն մնա: