ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը նախկինի պես պատրաստ է օգնել Երևանին և Բաքվին բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրի բոլոր ուղղություններով։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցից հետո ՌԴ-ն պատրաստվո՞ւմ է ակտիվացնել միջնորդական ջանքերը:
«Ակնհայտ է, որ խաղաղության պայմանագրի կնքումը կարևորագույն պայման է Ադրբեջանի և Հայաստանի միջև և ընդհանրապես Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար: Մենք բոլոր մակարդակներում մշտապես հայտարարել ենք, որ շահագրգռված ենք, որ դա տեղի ունենա հնարավորինս շուտ, գործնական առումով ամեն ինչ արել ենք դրա համար։ Աջակցությունը շարունակելու մեր տրամադրվածությունը հաստատվել է անձամբ նախագահի կողմից», - ասաց Զախարովան։
Դիվանագետը հավելեց, որ ռուսական կողմի ջանքերը համապատասխանում են Երևանի և Բաքվի հետ դաշնակցային հարաբերություններին բնորոշ ոգուն, դրանց հիմքում ընկած են պատմական և մշակութային խոր կապերը, տարածաշրջանում անվտանգության ամուր համակարգ կառուցելու համատեղ ձգտումները:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի հավանականությանը՝ Զախարովան հիշեցրեց Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերելու, իրավիճակի ապակայունացմամբ հղի ցանկացած գործողությունից խուսափելու պարբերական կոչերի մասին:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ամփոփեց` բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։