ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք է գրանցվել, նրանցից 41–ն այս պահին հոսպիտալացված են. 4-ի վիճակը ծանր է, մյուսներինը` միջին ծանրության։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ այս պահին չունենք։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը` անդրադառնալով Հայաստանում վարակիչ հիվանդությունների վիճակագրությանը։
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյան
© Sputnik
Նա նշեց, որ Արևմտյան Նեղոսի տենդը տարածող մոծակների հետազոտույթուն Հայաստանում առաջին անգամ անցկացվել է 1980-ականներին, սակայն այն ժամանակ ոչինչ չի հայտնաբերվել։ Նախորդ տարվանից այդ հետազոտությունները վերսկսվել են, դարձյալ ոչինչ չէր հայտնաբերվել, բայց այս տարի հուլիսին պարզվել է, որ Արագածոտնի մարզում 5 մոծակի մեջ հայտնաբերվել է այդ հարուցիչը։
«Առաջին նմուշը ստացել ենք օգոստոսի 7-ին։ Կրկնակի հետազոտությունից հետո` օգոստոսի 10-ին, արդեն վստահ էինք, որ գործ ունենք այդ հիվանդության հետ։ Այս պահին հիմնական մարզերը, որտեղից կարող են փոխանցումներ լինել` Արագածոտնն է, Արարատը և Արմավիրը։ Մինչ այժմ արձանագրված դեպքերը եղել են Արագածոտնի մարզում»,– նշեց Աթոյանը։
Նա ընդգծեց, որ հետազոտությունները շարունակվում են։
Աթոյանի խոսքով` ՀՀ հարևան երկրներում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման դեպքեր չեն հայտնաբերվել, բայց դեպքեր կան Ռուսաստանում, Իսրայելում` 440 դեպք, ԱՄՆ–ում` 230, Արևելյան Եվրոպայում` 69 դեպք։
Մասնագետը նշում է` Արևմտյան Նեղոսի տենդը մոծակների միջոցով փոխանցվող հիվանդություն է, դրանք էլ վարակվում են թռչուններից։ Այս հիվանդության համար հատուկ պատվաստանյութ կամ հատուկ դեղամիջոց չկա։
Այս տենդը 80 տոկոս դեպքերում գրեթե առանց ախտանիշի է ընթանում ու բուժօգնության դիմելու համար որևէ գանգատ չի լինում։ Ծանր դեպքերում ախտահարվում է մարդկանց նյարդային համակարգը։ Հոսպիտալացված պացիենտների մոտ հիմնականում ինտոքսիկացիոն հիվանդություններին բնորոշ երևույթներ են գրանցվում։