ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի 52-ամյա բնակիչը դանակով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք է հասցրել 15–ամյա պատանուն։ Տղամարդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել և ձերբակալելու որոշում կայացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Կոմիտեից հայտնում են, որ դեպքի մասին հաղորդումը ստացվել է օգոստոսի 18–ին, նշել են, որ նույն օրը՝ ժամը 15:20–ի սահմաններում, որովայնի և գլխի շրջանում կտրած–ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 15–ամյա անչափահաս պատանի:
Պարզվել է, որ Երևանի Սունդուկյան փողոցի 52–ամյա բնակիչն իր որդու և նրա հասակակից 15–ամյա պատանու հետ կապված կենցաղային հարցի շուրջ զրուցելու նպատակով շենքի բակում մոտեցել է նրան ու առանձին զրույցի կանչել։
Ի պատասխան իր հասցեին տղամարդու կողմից հնչեցված հայհոյանքների` պատանին հարվածել է 52–ամյա տղամարդուն, որը վայր է ընկել: Նրանց միջև քաշքշուկ և վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում տղամարդն իր մոտ գտնվող դանակով հարվածել է պատանու ձախ քունքային և ձախ ենթակողային շրջաններին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք:
Տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված առարկայի գործադրմամբ անչափահասի առողջությանը ծանր վնաս հասցնելու հոդվածով:
Նախաքննությունը շարունակվում է: