Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են ԱԳՆ

Բելառուսի ԱԳՆ–ն
Բելառուսական կողմը նշում է, որ հայ իրավապահները բավարար միջոցներ չեն ձեռնարկել դեսպանատան մոտ կատարվածը կանխելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատունյանը օգոստոսի 21-ին հրավիրվել է հանրապետության ԱԳՆ, հայտնում է Sputnik Բելառուսը՝ հղում անելով արտաքին քաղաքական գերատեսչությանը:
Ավելի վաղ հայաստանյան «Հանուն հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները, որոնք պարբերաբար հանդես են գալիս հակառուսական հայտարարություններով,- կարտոֆիլ, ձու և լոլիկ են նետել Երևանում Բելառուսի դեսպանատան վրա:
Գերատեսչությունից հայտնել են, որ հայ դիվանագետին մանրամասն տեղեկացրել են Երևանում Բելառուսի դեսպանատան մոտ տեղի ունեցած դեպքի մասին։
Բելառուսի ԱԳՆ-ում ժամանակավոր հավատարմատարի ուշադրությունը հրավիրել են միջադեպի կանխմանն ուղղված հայ իրավապահների ոչ բավարար միջոցների վրա և հույս հայտնել, որ հարձակվողների ինքնությունը կպարզվի:
«Հայկական կողմին մատնացույց է արվել հյուրընկալող պետության կողմից բելառուսական դիվանագիտական առաքելության և նրա գույքի անվտանգության, ինչպես նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգության ապահովման պարտականությունը՝ ինչպես դա սահմանված է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով և ընդունված է ամենուր», - նշել են Բելառուսի ԱԳՆ-ում:
Հիշեցնենք, որ Բելառուսի դեսպանատան մոտ իրականացված ակցիան, կատարողների խոսքերով, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` ՀՀ իշխանության և հայ ժողովրդի մասին արված արտահայտությունների համար է։