ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik․ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը շարունակում է պաշտոնավարել որպես համայնքի ղեկավար, քանի որ պաշտոնավարումը դադարեցնելու որոշումն ընտրովի պաշտոնների համար չի կարող կիրառվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։
Այսօր հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության բողոքն ու կասեցրել Առուշ Առուշանյանի լիազորությունները։ ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունը Առուշանյանին հրավիրել է գրասենյակ, վերցրել հաշվառման, ներկայացրել դատական ակտ, ըստ որի` նա տուգանվել է 700 հազար դրամով։ Առուշանյանը պետք է անցնի մեկ տարի և վեց ամիս փորձաշրջան, ինչպես նաև հինգ տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոններ։
Մելքոնյանի խոսքով՝ առկա է օրենսդրական բաց. Առուշ Առուշանյանից առաջ 3 համայնքապետի նկատմամբ նման որոշում կայացվել է՝ լրացուցիչ պատիժ է նշանակվել, սակայն որևէ մեկի նկատմամբ չեն կարողացել կիրառել։
«Օրինակ` եթե մարդը ոստիկանությունում պաշտոն է զբաղեցրել, հանցագործություն է կատարել, կարող են որպես լրացուցիչ պատիժ նշանակել նաև պաշտոններ զբաղեցնելը դադարեցնելը։ Բայց նրանց նկատմամբ, ովքեր ընտրվել են ժողովրդի կողմից, չի սա չի կարող կիրառվել, դրա կիրառման մեխանիզմ չկա»,- նշեց փաստաբանը։
Նա տեղեկացրեց, որ Պրոբացիայի ծառայությունը ավագանուն գրություն է ուղարկել Առուշանյանի պաշտոնը դադարեցնելու վերաբերյալ, սակայն ՀՀ Սահմանադրությամբ ավագանին նման լիազորություն չունի։
«Կարծում եմ՝ ՀՀ շահերից է բխում, որ ժողովրդի ձայնը չբռնաբարվի և Առուշանյանը շարունակի իր ազգանվեր գործունեությունը իր համայնքի համար։ Չնայած իր ընտանիքի շահերից է բխում, որ գնա, ուրիշ գործերով զբաղվի, բայց ինքն այլ արժեքներ է դավանում»,- հավելեց փաստաբանը։
Ըստ նրա՝ Առուշանյանը շարունակում է պաշտոնավարել որպես համայնքի ղեկավար, իսկ տուգանքը կվճարի սահմանված ժամկետում։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք պաշտպանական կողմը ինչ-որ քայլեր ձեռնարկելու է դատարանի որոշման դեմ, Մելքոնյանը նշեց՝ մարտավարությունից ելնելով՝ այս պահին չի հայտնի։
Հիշեցնենք` Առուշ Առուշանյանը 2021 թվականի հուլիսի 16-ին կալանավորվեց։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը) և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը) հատկանիշներով։
Այս քրեական գործին միացվել էր մեկ այլ քրեական գործ, որով Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել գրավը՝ 2 մլն դրամի չափով։
2022 թվականի մարտի 28-ին նա ազատ արձակվեց։