Աբովյանի մարզադաշտի էլեկտրամատակարարման պատասխանատուն ՀՖՖ–ն է. ՀԷՑ–ի հայտարարությունը

Մարզադաշտում էլեկտրամատակարարումը դադարեցվել էր ենթակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի մարզադաշտը սնվում է ՀՖՖ հաշվեկշռում գտնվող ենթակայանից, շահագործվում և սպասարկվում է իր անձնակազմի կողմից: Այս մասին հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը` անդրադառնալով օգոստոսի 20-ին «Նոա» – «Ռուժոմբերոկ» ֆուտբոլային ակումբների խաղի ժամանակ մարզադաշտի հոսանքազրկման խնդրին։
«Մարզադաշտում էլեկտրամատակարարման ընդհատումը պայմանավորված է այդ ենթակայանում տեղի ունեցած վթարով: Չնայած այն հանգամանքին, որ հոսանքազրկումը դուրս է «ՀԷՑ» ՓԲԸ–ի պատասխանատվության գոտուց` ընկերության անձնակազմի աջակցությամբ մարզադաշտի էլեկտրամատակարարումը վերականգնվել է»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ մարզադաշտում էլեկտրամատակարարումը դադարեցվել է ժամը 21:30–ին, իսկ 21:46-ին այն վերականգնվել է։
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Աբովյան քաղաքի մարզադաշտում տեղի էր ունենում Կոնֆերենցիայի լիգայի փլեյ–օֆֆի «Նոա»–«Ռուժոմբերոկ» խաղը։ «Նոան» 3։0 հաշվով հաղթանակ տարավ «Ռուժոմբերոկի» նկատմամբ։