Ընտրական մեծ ներկայացման վճռորոշ արարներից մեկը. Քամալա-շոուն շարունակվում է

Քամալա Հարիս
Աշխարհում երևի ընդամենը մի ժողովուրդ կա, որը հայերից ավելի շատ է հավատում դավադրության տեսություններին։ Ամերիկացիներն են, որոնց գրեթե 10 տոկոսը մինչև հիմա համոզված է, որ Նեյլ Արմսթրոնգը երբեք չի իջել Լուսնի վրա, և այդ ամենը նկարահանված էր Հոլիվուդում։
Sputnik
Ու ամենևին պատահական չէ, որ հիմա էլ շատերը Միացյալ Նահանգներում թերահավատ ժպիտով պնդում են. «Այդ ինչպե՞ս եղավ, որ նախագահի աթոռից կառչած Ջո Բայդենը հանկարծ հեշտ ու հանգիստ իր տեղն ընտրապայքարում զիջեց Քամալա Հարիսին։ Պարզ չէ՞, որ լավ բեմադրված ներկայացում է շարունակվում մեր աչքի առջև»։
Ի՞նչ կարելի է ասել։ Եթե դա իրոք այդպես է, ռեժիսորին կարելի է «Օսկար» շնորհել։ ​Ես սցենարիստին էլ կպարգևատրեի։ Իսկապես հիշեք, թե ինչպիսի տրամադրություններ էին տիրում դեմոկրատների շրջանում դեռ 100 օր առաջ. իրենց ծերացած թեկնածուն, որը սկսել էր նմանվել նախագորբաչովյան շրջանի խորհրդային վերջին առաջնորդներին և հեգնական ակնարկների թիրախ դարձել, հետևողականորեն տանում էր կուսակցությունը դեպի պարտություն։ Ու հանկարծ՝ սյուժետային գծի անսպասելի շրջադարձ։ Ընտրվելու գրեթե որևէ շանս չունեցող թեկնածուն իր տեղի զիջում է էներգիայով ու ամբիցիաներով լի կնոջը՝ խառնելով մրցակիցների բոլոր խաղաքարտերը։ Եվ այդ կինը շատ կարճ ժամանակում իր վարկանիշով առաջ է անցնում այն թեկնածուից, որն արդեն պատրաստվում էր տոնել իր հաղթանակը։
Ալեն Դելոն. «Մահն այս աշխարհում միակ բանն է, որում կարող ես վստահ լինել»
Ինչպե՞ս չհավատաս, որ այս ամենը տաղանդավոր սցենարիստների թիմի համառ աշխատանքի արգասիքն է։ Բայց Քամալա-շոուն շարունակվում է, և դրա կարևորագույն մասերից մեկը պիտի դառնա այսօր Չիկագոյում սկսված համագումարը։ ​Ի դեպ, ամերիկյան փորձագետները չեն էլ թաքցնում, որ, այո՛, կուսակցությունների նախընտրական համագումարները ընդամենը մի նպատակ ունեն՝ նպաստել թեկնածուի հեղինակության բարձրացմանը։
Ահա թե ինչ է ասել Կոլորադոյի «Ինդիփենդենս» ինստիտուտի ծրագրերի տնօրեն Դևիդ Քոփելը. «Հիշենք 2008 թվականը, երբ դեմոկրատները պարզապես հրաշալի կազմակերպեցին Օբամայի առաջադրումը։ Իրականում վերջին տասնամյակներում համագումարներն այլևս որևէ մեկի թեկնածությունը հաստատելու նպատակ չունեն, թեկնածուի անունը հայտնի է լինում մինչև համագումարը, որը վերածվում է լավ բեմադրված ներկայացման՝ հեռուստատեսությամբ ցուցադրելու համար։ Օբամայի ելույթը տեղի ունեցավ ոչ թե այն դահլիճում, որում անցկացվում էր համագումարը, այլ մարզադաշտում, որտեղ հավաքվել էր 75 հազար հանդիսատես։ Դա հիշեցրեց Ջոն Քենեդիի նախընտրական ելույթը Լոս Անջելեսի 80-հազարանոց մարզադաշտում։ Ինչպես և սպասվում էր, Օբամայի վարկանիշն այդ համագումարից հետո կտրուկ բարձրացավ»։
Իհարկե, դեմոկրատների այսօրվա համագումարը Չիկագոյում շատ ավելի լարված պայմաններում է անցնում. քաղաքի փողոցներում և հրապարակներում հազարավոր ցուցարարներ են հավաքվել, և գլխավոր պահանջներից մեկն է դադարեցնել զենքի մատակարարումը Իսրայելին և սատարել պաղեստինցիներին։ Սակայն Չիկագոն շատ ավելի բազմամարդ ցույցեր և բողոքի ակցիաներ է տեսել։
Շատերը գուցե չեն հիշում, որ 1968 թվականին դեմոկրատների համագումարի ժամանակ քաղաքը հեղեղեցին հիպիները։ Նրանց հիմնական պահանջը, բնականաբար, Վիետնամի պատերազմի դադարեցումն էր, բայց ցուցարարները նաև ներկայացրին իրենց ծրագիրը, որի որոշ կետեր այժմ կարող են առնվազն տարօրինակ թվալ։ Օրինակ` ապաքրեականացնել այն բոլոր հանցանքները, որոնք զոհերի չեն հանգեցնում։ Երևի հասկանալի է, որ խոսքը թմրանյութեր ձեռք բերելու, պահելու և օգտագործելու մասին է։ Կամ լիովին արգելել զենքը, այդ թվում՝ զինաթափել ոստիկաններին։ Անվճար դարձնել տրանսպորտը, բժշկությունը, կրթությունը, հագուստը, սնունդը։ Ինչպես տեսնում եք, այս հարցում հիպիները կոմունիստներից ավելի հեռուն էին ուզում գնալ։ Նրանք պահանջում էին նաև բոլոր մեծ ու փոքր հարցերում հաշվի առնել հասարակ մարդկանց կարծիքը և անընդհատ հանրաքվեներ ու հեռախոսային հարցումներ անցկացնել։
Անհասկանալի դիրքորոշում. կառչել ենք ՄԽ–ից՝ համաձայնելով հետաձգել ապաշրջափակման հարցը
Երևի հիշում եք, որ 2018 թվականին Հայաստանի նոր իշխանություններն էլ էին խոստանում բոլոր հարցերում խորհրդակցել ժողովրդի հետ և պարբերաբար հանրաքվեներ անցկացնել։ Եթե հիշեցնեք, թե անցած 6 տարիների ընթացքում քանի համընդհանուր հանրաքվե է անցկացվել մեզ մոտ, շատ շնորհակալ կլինեմ։ Բոլոր դեպքերում 1968 թվականի համագումարի ժամանակ սկիզբ առած բողոքի ակցիաներն ավարտվեցին կատաղի բախումներով, որոնց ընթացքում վիրավորվեցին 150 ոստիկաններ և ավելի քան 100 ցուցարարներ։ ​
Դժվար է պատկերացնել, որ այսօր «քամիների քաղաք» Չիկագոյում կրկնվի նույնը, ինչ պատահեց ավելի քան 55 տարի առաջ։ Շատ ավելի հավանական է, որ ինչպես 2008 թվականին համագումարը նպաստեց Բարաք Օբամայի հեղինակության բարձրացմանը, այնպես էլ հիմա դեմոկրատների հավաքից հետո է՛լ ավելի կաճի Քամալա Հարիսի վարկանիշը, որը, վերջին հարցումների համաձայն, կազմում է 51 տոկոս։ Սակայն ով գիտի, թե ինչեր կարող են պատահել մինչև նոյեմբեր։ Ինչպես ասում էր Ալբերտ Էյնշտեյնը. «Ես երբեք չեմ մտածում ապագայի մասին։ Այն վրա է հասնում շատ արագ»։ Ընտրություններին մնացել է 75 օր։