ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik․ 117 տարեկանում Իսպանիայում մահացել է իսպանացի Մարիա Բրանյաս Մորեյրան, ով համարվում էր երկրագնդի ամենատարեց բնակչուհին։ Տեղեկությունը հայտնում է The Sun-ը:
«Մարիա Բրանյասը հեռացավ մեզանից։ Նա մահացել է այնպես, ինչպես միշտ ցանկացել է՝ քնած, հանգիստ և անցավ»,- պարբերականը մեջբերում է երկարակյաց կնոջ ընտանիքի անդամի խոսքերը։
Ի դեպ, Մարիա Բրանյաս Մորեյրան X-ում իր օգտահաշիվն էր վարում, որտեղ ուներ 18,500 հետևորդ:
Մահից ընդամենը մեկ օր առաջ Բրանյասը գրել էր, որ իրեն թույլ է զգում և ակնարկել հեռանալու մասին:
«Ժամանակը մոտ է։ Մի՛ լացիր, ես արցունք չեմ սիրում։ Ուր էլ գնամ, երջանիկ կլինեմ»,- գրել է նա ուղերձում ։
2023 թվականի հունվարին Բրանյասը Գինեսի ռեկորդների գրքում պաշտոնապես գրանցվեց որպես աշխարհի ամենատարեց մարդը՝ 118 տարեկան հասակում ֆրանսիացի միանձնուհի Լյուսիլ Ռանդոնի մահից հետո։
Բրանյասի մահից հետո աշխարհի ամենատարեց տիտղոսն այժմ ճապոնուհի Տոմիկո Իտոկեինն է, ով 116 տարեկան է։