ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Երևանի «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի փլեյ- օֆֆի առաջին խաղում դիմակայությունում հաղթելու լուրջ հայտ ներկայացրեց` հաղթելով Սլովակիայի «Ռուժոմբերոկին» 3։0 հաշվով։
«Նոան» շատ լավ սկսեց հանդիպումը ու մեկնարկային րոպեներից անակնկալի բերել մրցակցին։ Խորքից կատարված փոխանցումից հետո Հեյդեր Ֆեռեյրան կարող էր բացել խաղի հաշիվը, բայց բաց թողեց գնդակը, իսկ 4-րդ րոպեին, մեր թիմի կազմում հերթական անգամ աչքի ընկավ Գոնսալո Գրեգորիոն, որն օգտագործեց սլովակների դարպասապահի սխալն ու բացեց խաղի հաշիվը։ Ընդ որում` սա Գրեգորիուի 6-րդ գոլն էր Կոնֆերենցիաների լիգայի 7 -խաղերում։ Մինչև ընդմիջում «Նոան» մրցակցի դարպասը գրավելու նոր հնարավորություններ էլ ունեցավ, ու մասնավորպես Գրեգորիուն, բայց վերջինիս գլխով կատարված հարվածից հետո «Ռուժոմբորոկին» փրկեց դարպասապահ Թոմաշ Ֆրուհվալդը։
Ընդմիջումից հետո էլ «Նոան» պարբերաբար վտանգավոր կամ գոլային իրական պահեր էր ստեղծում հյուրերի դարպասին, սակայն եղան նաև դրվագներ, երբ մեր թիմի պաշտպանների սխալի պատճառով «Ռուժոմբերոկն» էլ կարող էր սպառնալ մեր դարպասին։ Ինչևէ, խաղի ժամանակը գնալով սպառվում էր, բայց հաշվի մեջ նոր փոփոխություն կատարել չէր հաջողվում։ Իսկ երկրորդ կեսում միջնամասում մարզադաշտի հոսանքազրկման պատճառով խաղը բավականին երկար ժամանակով ընդհատվեց։
Խաղի վերսկսումից հետո վերջապես «Նոային» հաջողվեց զարգացնել հաջողությունը։ Մրցակցի ֆուտբոլիստը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում, և Գոռ Մանվելյանը հստակ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը։ Իսկ մրցավարի կողմից ավելացված ժամանակի ընթացքում մեր թիմին հաջողվեց երրորդ գնդակն ուղարկել հյուրերի դարպասը։ Խաղին յուղոտ վերջակետ դրեց Լուիս Այասը։
Պատասխան հանդիպումը «Ռուժոմբերոկի» և «Նոայի» միջև կայանալու է օգոստոսի 29-ին, Սլովակիայում։