Հայաստանը ԵԱՏՄ անդամակցությունից ստացել է բոլոր օգուտները. պատգամավոր

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Երևանի և Մոսկվայի միջև ակտիվ տնտեսական համագործակցությունը շարունակվում է՝ չնայած առկա քաղաքական դժվարություններին:
Sputnik
Հայաստանը հաջողությամբ օգտվել է ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից, Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Արտյոմ Տուրովը։
Նա նշեց, որ անցած տարի հայկական տնտեսությունն ավելի քան 12% աճ է գրանցել, ինչը տպավորիչ արդյունք է, և դրան դժվար է հասնել այլ ինտեգրացիոն միավորումներում:
«Գրեթե 200 միլիոնանոց շուկա դուրս գալը տնտեսությունը զարգացնելու և բյուջեն համալրելու հնարավորություն է տալիս հայկական ձեռնարկություններին և բիզնեսին», - ընդգծեց նա:
ԵԱՏՄ–ում հաշվարկների շուրջ 90%–ն իրականացվում է ազգային արժույթներով. Աղասանդյան
Հատկանշական է, որ ԵԱՏՄ շրջանակում Երևանի և Մոսկվայի միջև ակտիվ տնտեսական համագործակցությունը շարունակվում է՝ չնայած առկա քաղաքական դժվարություններին:
Թե որքան կպահպանվի նման իրավիճակը, Տուրովը կանխատեսումներ չարեց, սակայն նա վստահ է, որ հայ գործընկերները սթափ են գնահատում միության հնարավորություններն ու ներուժը՝ մի կողմ թողնելով երկխոսությանը խանգարող նարատիվները:
ՌԴ տնտեսական զարգացման նախարարության փորձագետ Սերգեյ Ռոշչուկովն էլ նշեց, որ Հայաստանն ակտիվ մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) աշխատանքներին, որոնք ուղղված են նոր նախագծերի մշակմանը և խոչընդոտների վերացմանը:
ՌԴ–ն հուսով է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից չի հրաժարվի ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատճառով. Միքայել Աղասանդյան
Ռոշչուկովը հիշեցրեց, որ ԵԱՏՄ-ն ի սկզբանե ստեղծվել է և շարունակում է իր աշխատանքները որպես բացառապես տնտեսական կառույց, սակայն աշխարհաքաղաքական իրավիճակն ազդում է միության գործունեության վրա, ինչը պահանջում է տնտեսական քաղաքականության ճշգրտում:
«ԵԱՏՄ-ն աշխարհաքաղաքական խնդիրներ չի լուծում, բայց եթե մեր գործընկերները պատժամիջոցներն օգտագործում են քաղաքական նկատառումներով, մենք միջոցներ ենք մշակում այդ ճնշմանը հակազդելու համար», - հավելեց նա:
Նշենք, որ ռուս խոսնակների հետ զրույցը տեղի է ունեցել Ալթայի Հանրապետությունում անցկացվող «Մանժերոկ» համաժողովում, որը համախմբել է ԱՊՀ երկրների և Եվրասիայի մեդիաոլորտի ներկայացուցիչներին, լրագրողներին, բլոգերներին, գրողներին, փորձագետներին և կարծիքների ձևավորման առաջնորդներին: