Պուտինի` Բաքու կատարած այցը կնպաստի տարածաշրջանում որոշակի կայունության. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ եթե հայ– ռուսական հարաբերությունները նորմալ մակարդակի լինեն, Հայաստանը կարող է Թուրքիայի հետ էլ շատ հետաքրքիր հարաբերություններ ստեղծել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի`Բաքու կատարած այցը կնպաստի տարածաշրջանում որոշակի կայունությանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Ըստ քաղաքագետի` Ռուսաստանին տարածաշրջանում կայունություն է պետք։
«Բոլորը Պուտինի Բաքու կատարած այցի մեջ հակահայկական դավադրություն են տեսնում, ես իրականում չեմ տեսնում։ Կարծում եմ` Պուտինի` Բաքու այցը կզսպի Ադրբեջանին հակաիրանական քայլ անելու կամ Հայաստանի դեմ ագրեսիա սանձազերծելու գայթակղությունից»,– կարծում է նա։
Քաղաքագետի պնդմամբ` Պուտինն այսօր, ըստ էության, Ալիևին հայ– ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդության առաջարկ է արել, ու եթե դրանից հետո Փաշինյանին բանակցությունների մասին տեղեկացնելու անհրաժեշտություն է ծագել, ուրեմն ինչ– որ պայմանավորվածություն եղել է։
Հարավային Կովկասի ամուր խաղաղությունը բխում է տարածաշրջանի ժողովուրդների շահերից. Պուտին
«Միամիտ կլինի կարծել, թե այս հանդիպումից հետո Ալիևը կցանկանա վերադառնալ ռուսական հարթակ, քանի որ նա արդեն շատ կարևոր բան է ստացել Փաշինյանից` դա առանց միջնորդների բանակցություններն են, որը նրա համար ամենանպաստավոր ձևաչափն է»,– նշում է քաղաքագետը։
Միևնույն ժամանակ նա կարծում է, որ Ալիևը չի շտապի նեղացնել ՌԴ–ին և կառուցողականանություն կցուցաբերի այն հաշվարկով, որ «հակառուսական հռետորաբանությամբ» աչքի ընկնող Նիկոլ Փաշինյանը կմերժի Վլադիմիր Պուտինի առաջարկը։
«Եթե Պուտինն իսկապես ունի միջնորդական առաքելության փաթեթ, պետք չէ դրան արհամարանքով ու մերժումով վերաբերվել։ Հայաստանը ռեսուրս չունի որևէ հարթակում բանակցային գործընթացը մերժելու, մանավանդ , որ Հայստանին իրապես պետք են միջնորդներ, քանի որ առանց միջնորդների բանակցությունները մենք տեսանք անցած 10 ամսում` ինչ տխուր հետևանքների են բերում»,– ասաց նա։
Սուրեն Սուրենյանի կարծիքով` Պուտինի այցից Հայաստանը կարող էր նաև այլ օգուտներ քաղել։ Հայկական կողմն այնպես կարող էր անել, որ Բաքվում բարձրաձայնվեր ռազմագերիների հարցը, բայց դա չի արվել։
Պատրաստ ենք աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում. Պուտին
Տարածաշրջանի խաղաղության համատեքստում Սուրեն Սուրենյանցը կարևոր է համարում առհասարակ հայ– ռուսական հարաբերությունները ու կարծում է, որ եթե դրանք նորմալ մակարդակի լինեն, Թուրքիայի հետ շատ հետաքրքիր հարաբերություններ կստեղծվեն։
Քաղաքագետը նշում է, որ այսպիսի տեսակետի համար նրան անվանում են ռեգիոնալիստ, բայց ռեգիոնալիզմը այս դեպքում պարզապես ռեալիզմն է։ Նա նշում է, որ ոչ թե առաջարկում է Արևմուտքում «փրկիչներ» գտնել, այլ տարածաշրջանի երկրների հետ այնպիսի բալանսավորված քաղաքականություն ունենալ, որ երաշխավորվի Հայաստանի պետականության գոյությունը։
«Հակառակ պարագայում, եթե Ռուսաստանից, Իրանից ու Չինաստանից մեկուսացվի, ավտոմատ կասկածի տակ կդրվի պետականության գոյությունը, որովհետև դու երկու սուբյեկտի հետ խզում ես հարաբերությունները, որոնք կենսական շահ ունեն քո պետության պահպանման հարցում»,– հավելեց նա։
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2-օրյա պետական այցով Բաքու է մեկնել օգոստոսի 18-ին։
Նա այսօր Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Մոսկվան պատրաստ է մասնակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
ՌԴ նախագահը հավելել է, որ նախատեսում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատմել Բաքվում կայացած բանակցությունների արդյունքների մասին։