ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Աստանայի դիվանագիտական ակումբը հայ գործարարներին բիզնես առաքելությամբ հրավիրել է Ղազախստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ միջոցառումը կանցկացվի օգոստոսի 25–28–ը և միտված կլինի Հայաստանի և Ղազախստանի միջև գործարար կապերի ամրապնդմանը՝ ստեղծելով լրացուցիչ հնարավորություններ գործարար շփումների համար։
«Բիզնես առաքելությունը նպատակաուղղված է երկու երկրների համար առաջնահերթ ոլորտների զարգացմանը, ինչպիսիք են տրանսպորտը և լոգիստիկան, փոխադարձ առևտրի ավելացումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նախագծերի իրականացումը»,– ասված է հաղորդագրության մեջ:
Բիզնես առաքելության շրջանակներում կազմակերպվող հանդիպումները և բանակցությունները, ինչպես նաև պաշտոնական հանդիպումները իշխանությունների հետ, կապահովեն ամբողջական տեղեկատվություն Ղազախստանի բիզնես միջավայրի, ներդրումային հնարավորությունների և խոստումնալից շուկաների վերաբերյալ: