Ալեն Դելոնին կհուղարկավորեն իր 35 շների կողքին` մատուռում. ԶԼՄ

Հայտնում են նաև, որ հուղարկավորության արարողությունը կկայանա այս շաբաթվա կեսերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Ալեն Դելոնին կհուղարկավորեն Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Դուշի կոմունայում` այնտեղ, որտեղ նա ապրել է շուրջ կես դար և որտեղ թաղված են նրա 35 շները։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
«Ալեն Դելոնին կհուղարկավորեն շաբաթվա կեսերին, արարողությունը կանցկացվի միայն խիստ մտերիմների մասնակցությամբ (դա նրա վերջին կամքն էր)... Հուղարկավորությունը տեղի կունենա մատուռում, որը նա նախապես է ընտրել», – հայտնում է հեռուստաալիքը։
Դերասանին կհուղարկավորեն իր 35 շների կողքին։ Դելոնը, որն իր ողջ կյանքի ընթացքում ակտիվորեն պաշտպանել է կենդանիների իրավունքները, ավելի քան 50 շուն է ունեցել։ Դիտարկվում է նաև դերասանի գործընկերի մասնակցությամբ մասսայական արարողություն անցկացնելու հնարավորությունը, որպեսզի Դելոնին հարգանքի տուրք մատուցելու ցանկություն ունեցողները կարողանան վերջին հրաժեշտը տալ նրան, հայտնում է ԶԼՄ–ն։
Հայաստանի հանդեպ նրա վերաբերմունքը հավերժ դաջված կմնա սրտերում. ԿԳՄՍՆ–ն` Ալեն Դելոնի մասին
2012 թվականի դեկտեմբերին Դելոնը Երևան էր ժամանել, այցելել «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք էր մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նա այցելել էր նաև Մայր աթոռ սուրբ Էջմիածին։ Դերասանը խոստովանել էր, որ ինքը չէր էլ պատկերացնում, որ Հայաստանում իրեն այդքան սիրում են։
Դելոնը մահացել է օգոստոսի 18-ին` 88 տարեկանում: Դերասանը քաղցկեղ ուներ և Ալցհեյմերի հիվանդություն։ 2019 թվականին նա կրկնակի կաթված էր ստացել։
Վերջին շրջանում լեգենդար դերասանի անունն ընտանեկան սկանդալների հետ էր կապվում, նրա երեք զավակները՝ դուստրը և երկու որդիները, դատարանում պայքարում էին հոր կարողության համար։ Դելոնի կարողությունը գնահատվում է մոտ 245 միլիոն եվրո․ կարողության կեսը նա կտակել էր դստերը՝ Անուշկային, մյուս կեսը հավասարաչափ բաշխել որդիների՝ Ալան-Ֆաբիենի և Էնթոնիի միջև, ինչը դուր չէր եկել նրանց։ Նրանք դատարանով պահանջել էին հորն անգործունակ ճանաչել, և 2024 թվականի հունվարի վերջին դատարանը սահմանափակել էր Ալեն Դելոնի գործունակությունը։
Կհեռանամ այս աշխարհից առանց ափսոսանքի. Ալեն Դելոն
Դելոնի մտերիմները մեղադրում էին նրա երեխաներին հորը սպանելու փորձի համար։ Ինքը` դերասանը 2022 թվականին ասում էր, որ կցանկանար կյանքից հեռանալ էֆթանազիայի օգնությամբ։
Դելոնին մեծ ճանաչում են բերել «Պայծառ արևի տակ» (1960), «Ռոկկոն և նրա եղբայրները» (1960), «Ընձառյուծը» (1963), «Սև կակաչ» (1964), «Երկուսը քաղաքում» (1973), «Զորրո» (1975) ֆիլմերը։ Նա եղել է «Ոսկե գլոբուս»–ի «Լավագույն դեբյուտանտ» անվանակարգի (1984) հավակնորդ։ Ստացել «Սեզար» մրցանակը «Մեր պատմությունը» (1984) ֆիլմում լավագույն դերասանի դերի համար։ Պատվո լեգեոն շքանշանի սպա էր։ Նա այնքան գեղեցիկ էր, որ նրա անունով էին կոչում բոլոր գեղեցիկ տղամարդկանց։