Վերջերս «Le Point» փարիզյան հանդեսին տված հարցազրույցում 88-ամյա դերասանը անկեղծացել էր. «Ես ատում եմ Ֆրանսիայի պատմության այս դարաշրջանը. այն ինձ մոտ զզվանք է առաջացնում։ Կան մարդիկ, որոնց ես ուղղակի տանել չեմ կարողանում։ Շուրջն ամեն ինչ կեղծ է։ Չկա դիմացի մարդու կարծիքի նկատմամբ ուշադրություն և հարգանք։ Նշանակություն ունի միայն փողը։ Հաստատ կարող եմ ասել, որ կհեռանամ այս աշխարհից առանց ափսոսանքի»։
Այն հարցին, թե արդյոք ամենևին չի վախենում մահից, հայտնի դերասանը պատասխանել էր. «Ոչ, բացարձակ չեմ վախենում։ Մահն ընդհանրապես այս աշխարհում միակ բանն է, որում կարող ես վստահ լինել։ Կարող եմ միայն ասել, որ մենակ չեմ թողնի շանս՝ Լուբոյին. եթե ինքն ինձնից ավելի շուտ մեռնի, ինչի հույսն ունեմ, ես նոր շուն չեմ բերի, թեև կյանքիս ընթացում 50 շուն եմ ունեցել։ Բայց այս մեկի հետ իմ հարաբերությունները հատուկ են։ Ինքն ինձ նյարդայնացնում է, որովհետև չի ուզում աստիճաններով բարձրանալ և քնել հետս։ Բայց ես գնահատում եմ նրա բծախնդիր բնավորությունը, նա ամեն մեկին չի սիրում։ Եթե ես մեռնեմ նրանից շուտ, ապա մինչ այդ կխնդրեմ անասնաբույժին, որ սրսկի նրան ու մենք կյանքից հեռանանք միասին։ Լավ է այդպես, քան իմանամ, որ առանց ինձ Լուբոն տանջվելու է և մեռնելու է գերեզմանիս վրա,– ասել է Ալեն Դելոնն ու ավելացրել,–պետք է խոստովանեմ՝ ես երբեք չեմ կարողացել սիրել մարդկանց այնպես, ինչպես սիրել եմ շներին։ Դե, իհարկե, որոշ մարդկանց սիրել եմ, բայց նույնիսկ առանց նման մարդկանց կարողացել եմ ապրել։ Իսկ առանց շների երբեք չեմ կարողացել, քանզի շները առնվազն չեն ստում»։
Վերջին տարիներին աշխարհահռչակ դերասանը միայնակ ապրում էր իր առանձնատանը, քայլում էր ձեռնափայտով և անընդհատ վերհիշում կյանքից հեռացած մերձավորներին։ Նրանցից վերջինը նրա կինն էր՝ Նատալին, որը քաղցկեղից մահացավ 2021 թվականի հունվարին։ Շատերն էին ցանկանում ընկերանալ Ալեն Դելոնի հետ, բայց նա միշտ էլ շատ մեծ դժվարությամբ էր իսկական ընկերներ ձեռքբերում։ Վերջում մնացել էին «հրաշալի եռյակով»՝ ինքը, Ժան-Պոլ Բելմոնդոն և Ժան-Լուի Տրենտինյանը։ Բայց Բելմոնդոն մահացավ 2021-ին, իսկ Տրենտինյանը՝ մեկ տարի անց։
«Նաև հրաշալի ընկերական հարաբերություններ ունեմ Բրիջիտ Բարդոյի հետ։ Մենք հաճախ ենք միմյանց հետ շփվում հեռախոսով, երկուսս էլ կենդանիներ ենք սիրում։ Եթե չլիներ Բրիջիտի սերը կենդանիների հանդեպ, նա հաստատ հիմա արդեն ինքնասպանություն գործած կլիներ՝ բոլոր հայտնի սեքս-խորհրդանիշների նման։ Կնոջ համար անտանելի է այլևս ցանկություն չտեսնել տղամարդու աչքերում»,–փաստել էր Ալեն Դելոնը։
Նրա ծնողները բաժանվեցին, երբ Դելոնն ընդամենը 4 տարեկան էր։ «Ես տարիներ շարունակ միայնակ էի և փորձեցի հաղթահարել այդ միայնությունը, երբ դարձա 17 տարեկան և որոշեցի մասնակցել Հնդկաչինում ընթացող պատերազմին։ 21 տարեկանից էին բանակ վերցնում, իսկ 17 տարեկանների համար պարտադիր էր ծնողների համաձայնությունը։ Ու պատկերացրեք` հայրս ու մայրս մեծ պատրաստակամությամբ դրեցին իրենց ստորագրությունները, կարծես ուզում էին երկրորդ անգամ ազատվել ինձնից», –պատմել է Դելոնը մեկ այլ փարիզյան պարբերականի՝ «Paris Match»-ի թղթակցին։
Այնուամենայնիվ, Դելոնը երբեք չի դատապարտել ծնողներին, որոնք լքել են իրեն։ «Ուղղակի շատ շուտ հասկացա, որ քեզ կարող են թողնել այն մարդիկ, որոնց դու ամենից շատ ես սիրում։ Իհարկե, երբ հայտնի դարձա, հայրս ու մայրս սկսեցին ավելի մոտ հարաբերություններ պահպանել ինձ հետ։ Նրանք հպարտ էին, որ Ալեն Դելոնի ծնողներն են՝ հանկարծ հիշեցին, որ տղա ունեն։ Մայրս նույնիսկ սկսեց ինքն իրեն կոչել մադամ Դելոն, թեև իր ազգանունը Բուլոն էր։ Հասկացա, որ ինքը ոչ թե մայր դարձավ, այլ երկրպագու»։
Իր վերջին հարցազրույցներից մեկում Ալեն Դելոնը խոստովանում է. «Ճիշտն ասած` վստահ չեմ, որ ես էլ լավ հայր եմ եղել երեխաներիս համար։ Իրենց պետք է հարցնել։ Բայց մի բան հաստատ գիտեմ՝ փառքը մարդուն մեկուսացնում, հեռացնում է մնացյալ աշխարհից։ Այդ թվում նաև սեփական երեխաներից։ Չէ՞ որ ես նրանց համար ոչ միայն հայր եմ, այլև Ալեն Դելոն։ Այնինչ արժանավորները ոչ թե հայտնի դերասաններն են, երգիչներն ու նկարիչները, այլ նրանք, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրել են բարի գործերին` հիմնականում մնալով անհայտ»,–փաստել է աշխարհի ամենահայտնի դերասաններից մեկը։