ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Երևանի Սարյան փողոցում գտնվող գլխավոր փոստի շենքի առաջին հարկում գտնվող խանութների սեփականատերերը պահանջում են, որ կառավարությունն իրենց փոխհատուցում տրամադրի այլ տեղում նոր բիզնես սկսելու համար։
«Մենք պահանջում ենք փոխատուցում, տարածքի տրամադրում, որ մեր գործունեությունը չդադարի։ Պահանջում ենք այնքան գումար, որ կարողանանք գնալ, նոր բիզնես հիմնել։ Հաշվարկել ենք` մոտավոր 20.000 եվրոյի կարգի»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց անհատ ձեռներեց Ռոման Վարդանյանը։
Ռոման Վարդանյան
© Sputnik
Ավելի վաղ անհատ ձեռներեցներն աղբամաններով փակել էին Սարյան փողոցն ու պահանջում էին պաշտոնական պատասխան կառավարությունից։
Նշենք , որ խնդիրը վերաբերում է միայն առաջին հարկի խանութներին, խոսքը 20-25 անհատ ձեռներեցների մասին է, որոնք հեռախոսներ են վաճառում կամ վերանորոգում։
«30 տարի այս շենքում ներդրում ենք արել, տարածքները վերանորոգել ենք մեր գումարով, դրան էլ գումարած, վարձակալության գումար ենք տվել»,– ասաց անհատ ձեռներեցներից մեկը։
Երևանի Սարյան փողոցում գտնվող գլխավոր փոստի շենքի առաջին հարկը
© Sputnik
Ակցիայից հետո նրանց հետ հանդիպել է ԲՏԱ փոխնախարար Գևորգ Մելիքսեթյանը, նա երկու օր է խնդրել անհատ ձեռներեցներից լուծումներ առաջարկելու համար։
Երևանի Սարյան փողոցում գտնվող գլխավոր փոստի շենքը
© Sputnik
Հիշեցնենք, որ 2023 թ.–ի սեպտեմբերի 7–ին ՀՀ կառավարությունը հաստատեց «ՌԵՆՇԻՆ» ընկերության ներկայացրած` Երևանի Սարյան 22 հասցեում գտնվող գլխավոր փոստի շենքում «Համաշխարհային առևտրային կենտրոն Երևան» (WORLD TRADE CENTER YEREVAN)» քաղաքաշինական ներդրումային ծրագիրը։ Այս որոշմամբ Սարյան 22 հասցեում գտնվող շենքը պետք է օտարվեր հետևյալ սկզբունքով՝ «ՀայՓոստ» ՓԲԸ՝ 30.18 %, կառավարություն՝ 19.82 %,և ներդրող՝ 50%: