Լույս աշխարհ է եկել 44–օրյա պատերազմում զոհված հերոս Հայկ Թովմասյանի եղբայրը` Ռոբերտ Թովմասյանը: «Զինուժը» վերածննդի ևս մեկ պատմություն է ներկայացրել։
Փոքրիկ Ռոբերտը ընտանիքի 3–րդ արու զավակն է։ Մայրը` Սեդա Սարգսյանը, ասում է, որ երեխայի լույս աշխարհ գալով շատ բան է փոխվել ընտանիքում։ Խոստովանում է` նորից մայրանալու որոշումը շատ դժվար է տրվել, ավելի ճիշտ` այդ որոշումը կայացնել «դրդել» է զոհված որդին` երազում հայտնվելով մորը։
«Վաղուց չէր եկել երազիս, շատ պարզ եկավ, ասացի` Հայկ, էս ո՞ւր ես, անհանգստանում էի։ Ասաց` կասեմ...ու պարզվեց, որ հղի եմ...երևի իր ասելիքը հենց Ռոբն էր, որ պիտի ծնվեր»,–արցունքն աչքերին պատմում է մայրը։
Չնայած շատ ծանր տարած հղիությանը` փոքրիկը լույս աշխարհ եկավ, որովհետև, ինչպես տիկին Սեդան է ասում, սա ի վերուստ որոշված էր։
«Հղիության ընթացքում բարդություններ եղան և՛ իմ հետ, և՛ երեխային, բայց բժիշկների օգնությամբ հաղթահարեցինք։ Ինքը պիտի ծնվեր, վերևից է հրամանը տրված։ Բարեխոսը Հայկս է, ու Աստված տվել է մեզ»,–ասում է տիկին Սեդան։
Ռոբերտը փոխել է ընտանիքի առօրյան ու տրամադրությունը։ Նորածնի լույս աշխարհ գալը սեր ու ջերմություն է բերել ծնողներին, վերարժևորել նրանց կյանքի ու ապրելու իմաստը։