Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ Tesla, SpaceX և X ընկերությունների սեփականատեր Իլոն Մասկից Tesla Cybertruck է նվեր ստացել, և խոստացել է այն հանձնել Ռազմական հատուկ գործողության գոտում գտնվող զինվորներին։
«Մենք հարգելի Մասկից Tesla Cybertruck ենք ստացել։ Կառավարվող մեքենա է, զարգացնում է գերազանց արագություն և հաղթահարում խոչընդոտներ: Շատ հարմարավետ է։ Ելնելով նման հիանալի բնութագրերից` այն շուտով կուղարկվի Ռազմական հատուկ գործողության գոտի, որտեղ այն համապատասխան պահանջարկ կունենա»,- գրել է Կադիրովը։
Նա վստահ է, որ Cybertruck–ը օգուտ կբերի ռուս մարտիկներին։
Չեչնիայի ղեկավարը Մասկին հրավիրել է Գրոզնի։
Նշենք, որ Tesla-ն ներկայացրել է Cybertruck-ի նախատիպը 2019 թվականի նոյեմբերին, իսկ նախնական պատվերները սկսել է ընդունել 2023 թվականի դեկտեմբերին:
Այսօր Tesla Cybertruck-ը երկրորդ ամենահայտնի էլեկտրական պիկապն է ամերիկյան շուկայում Ford F-150-ից հետո: