Իրանը կարող է հետաձգել Իսրայելին հարվածը. ԶԼՄ

Լրատվամիջոցը գրում է, որ Թեհրանը ցանկանում է միջնորդներին ժամանակ տալ Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Իրանը, ամենայն հավանականությամբ, կհետաձգի իր հարձակումն Իսրայելի վրա՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության: Այս մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի, Իրանի և Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչների աղբյուրներին։
Նշվում է, որ Թեհրանը հարվածը հետաձգելով ցանկանում է ժամանակ տալ միջնորդներին՝ բանակցելու Գազայի հատվածում հրադադարի շուրջ։
Օգոստոսի 15-16–ը Կատարի մայրաքաղաք Դոհայում բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Նեթանյահուն հաստատել է Իսրայելի մասնակցությունը վաղը կայանալիք բանակցություններին
Առաջին օրվանից Կատարի Պետության վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին կապ է հաստատել Իրանի արտաքին գործերի նախարարության հետ և կոչ արել Թեհրանին զերծ մնալ էսկալացիայից:
Օգոստոսի 16–ին իսրայելական հետախուզությունը պարզել էր, որ Իրանը և լիբանանյան «Հզբոլլահը» նվազեցրել են իրենց հրթիռային ուժերի պատրաստվածությունը: Իսրայելի իշխանությունների կարծիքով՝ Իրանի պատասխան հարվածին պետք է սպասել ավելի ուշ։
Միաժամանակ պաշտոնյաներն ընդգծել են, որ փոփոխական իրադարձությունների պատճառով իրենց գնահատականներն արագ են փոխվում։
ՀՀ–ն ողջունում է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների նախաձեռնությունը. ԱԳՆ
Ալ Թանին և Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Բաղերի Քանին կրկին հեռախոսազրույց են ունեցել և ընդգծել տարածաշրջանում լարվածության թուլացման անհրաժեշտությունը։