Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի տեսանյութը տարածվում է համացանցում։
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, օգոստոսի 16-ին երկրի խորհրդարանն արտահերթ նիստ է անցկացրել Ջանա Աթալայայի հարցով, որն անցյալ տարի զրկվել էր պատգամավորական մանդատից:
Քննարկումների ժամանակ Աշխատավորական կուսակցության (TIP) պատգամավոր Ահմեդ Շիկը, ամբիոնից դիմելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) անդամներին, հայտարարել է. «Դուք ո՛չ ամոթ ունեք, ո՛չ խիղճ»:
Դրանից հետո պատգամավորներից մեկը մոտեցել է նրան, հարվածել գլխին և հրել այնպես, որ Շիկն ընկել է։
Բազմաթիվ խորհրդարանականներ վեր են թռել իրենց տեղից և շտապել դեպի ամբիոն, որտեղ էլ ծեծկռտուք է սկսվել։
Հնարավոր է՝ պատգամավորներից որևէ մեկը վնասվածքներ է ստացել։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են խորհրդարանի աշխատակիցները արյան հետքեր սրբում։