ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Արագածոտնի մարզի Թլիկ բնակավայրի վարչական ղեկավար Սլավիկ Սալոյանին խնամիներն են ծեծել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Երեկ shamshyan.com–ը տեղեկացրել էր, որ «Թլիկում ծեծկռտուք է եղել, կրակոցներ են հնչել, «Թալին» բժշկական կենտրոն են տեղափոխվել Սլավիկ Սալոյանը, նրա որդին` Մանվել Սալոյանը, և վարչական ղեկավարի մայրը, որը վնասվածքներ է ստացել քաշքշոցի ընթացքում։
«Նախնական տվյալներով` օգոստոսի 15–ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Թլիկի վարչական ղեկավարի աղջկա ամուսնու հարազատները, անձնական դրդապատճառներով, «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով գնալով հիշյալ բնակավայր, մոտեցել են վարչական ղեկավարին, իջնելով ավտոմեքենայից՝ հայհոյանքներ են հնչեցրել նրա հասցեին և ձեռքերով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին։ Այնուհետև նրանցից մեկը՝ 40–ամյա տղամարդը, մեքենայից հանելով զենքը, կրակել է օդ, ապա հիշյալ պաշտոնատար անձի ուղղությամբ, իսկ 33–ամյա տղամարդը քարով հարվածել է վերջինիս գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»,– հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության` այդ ընթացքում հիշյալ անձանցից երկուսը ծեծի են ենթարկել նաև բնակավայրի վարչական ղեկավարի որդուն, որը միջամտել էր վիճաբանությանը՝ հետագա զարգացումները կանխելու նպատակով։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել է 3 կրակված պարկուճ, վերցվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշակական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք։
Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելը), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն` զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով), 334-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը)հատկանիշներով: