ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանին կփոխարինի Արմենուհի Ղազարյանը։ Այդ մասին որոշում է կայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր հերթական նիստի ժամանակ։
«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմենուհի Նշանի Ղազարյանին»,– ասված է ԿԸՀ որոշման մեջ։
Պատգամավորի մադնատը վերցնելու մասին գրառում է արել նաև Արմենուհի Ղազարյանը։
«Հարգելի ընկերներ, ցանկանում եմ ձեզ տեղեկացնել,որ այսօր ԿԸՀ–ից ստացա իմ պատգամավորական մանդատը։ Գիտակցում եմ օրենսդիրում աշխատելու մեծ պատասխանատվությունս։ Քաղաքական թիմիս հետ պատրաստ եմ մասնակցելու երկրիս ու ժողովրդիս առջև ծառացած խնդիրների լուծմանը»,– գրել է նա։
Նշենք, որ Արմենուհի Ղազարյանը «Nairi kindergarten»-ի հիմնադիր–տնօրենն է, համատեղությամբ նաև տնօրինում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Կորյուն Նիկողոսյանի անվան մանկապատանեկան արվեստի կենտրոն ՀՈԱԿ–ը։ Աշխատել է նաև որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։
Հիշեցնենք` Գուրգեն Արսենյանը 2023 թվականի հոկտեմբերին հաստատել էր, որ իրեն ՌԴ-ում դեսպան նշանակվելու առաջարկ արվել է, սակայն պատասխան այդպես էլ չի եկել։ Ավելի ուշ ԶԼՄ–ները գրեցին, որ Արսենյանի ագրեմանը հաստատելու որոշումը կայացվել է մայիսին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Մոսկվա` ԵԱՏՄ նիստին մասնակցելու:
Արսենյանը մանդատը վայր դնելու դիմում ներկայացրեց օգոստոսի 6-ին, դեսպան նշանակվել օգոստոսի 15-ին։