Քննարկում չի եղել․ ՌԴ դեսպանը՝ պատմության դասագրքի փոփոխված բովանդակության մասին

Դիվանագիտական ներկայացուցչության խոսքով՝ պատմության վերաիմաստավորումը նորմալ գործընթաց է, բայց այդ ընթացքում պետք է մի քանի սկզբունք պահպանել, այդ թվում՝ ազնվությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունն առայժմ հայաստանյան պատասխանատու գերատեսչությունների հետ չի քննարկել 8-րդ դասարանի պատմության դասագրքի հարցը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Օշականի հերոսների հուշարձանի մոտ՝ Օշականի ճակատամարտի 197-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ։
Ռուսաստանի ԱԳՆ-ն նախօրերին հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ դասագրքում խեղաթյուրվում են 18–րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի իրադարձությունները: Ռուսական կողմը սադրիչ է որակել դասագրքի գլուխներից մեկի վերնագիրը` «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին»` նշելով, որ այնտեղ վերանայման են ենթարկվել 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքները, իսկ Թուրքմենչայի պայմանագիրը որակվել է որպես Արևելյան Հայաստանի «բռնակցում»:
«Սակայն կարծում եմ, որ սա այն թեման է, որի շուրջ արժե քննարկում ունենալ, որովհետև պատմությունը շատ կարևոր է թե անցյալի, թե ներկայի համար, և որ ամենակարևորն է՝ ապագայի համար»,- նշեց Կոպիրկինը։
Միաժամանակ, դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը նորմալ է համարում պատմության վերաիմաստավորումը։ Ասում է՝ դա կարևոր է՝ հիմք ընդունելով այսօր տեղի ունեցող գործընթացներն ու ելնելով երկրներին ու ժողովուրդներին առաջադրվող խնդիրներից։
«Սա լրիվ նորմալ պրոցես է, որը հարգանքի է արժանի։ Ես համոզված եմ, որ այստեղ մի քանի կարևոր սկզբունքներ կան, որոնք պետք է հաշվի առնել՝ առաջին հերթին ազնվությունը, երկրորդը՝ ձգտումը, պատրաստակամությունը՝ խուսափելու պահի տակ արվող որոշումներից, որոնք, հնարավոր է, նպատակահարմար են այսօր, իսկ վաղը իրավիճակը կարող է փոխվել»,- նշեց նա։
Պատմությունը վերաշարադրելու փորձերը չեն չեղարկի ՀՀ–ՌԴ դարավոր հարաբերությունները. Կոպիրկին
Դեսպանը հավելեց՝ կարևոր է պահպանել հարգանքը նախնիների հիշատակի, նրանց կատարած հերոսությունների հանդեպ։ Այս համատեքստում օրվա խորհրդով ընդգծել է անցկացվող միջոցառումն Օշականի ճակատամարտի հերոսների հուշարձանի մոտ` ընդգծելով, որ այն մեր պատմության խիզախության, անձնազոհության վառ օրինակներից է։