ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Չինաստանը մեծ հետաքրքրությամբ է վերաբերվում Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և պատրաստ է աջակցել ցանկացած նախագծի, որն ուղղված է տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Հայաստանում ՉԺՀ–ի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը` պատասխանելով Sputnik Արմենիային հարցին։
Նրա խոսքով` տվյալ նախագիծն ուղղված է ենթակառուցվածքների ստեղծմանն ու ճանապարհների կառուցմանը։ Այդ առումով երկրների միջև արդեն համագործակցություն է հաստատվել։
«Չինաստանն աջակցում է խաղաղ ճանապարհով տարածաշրջանում հակամարտությունների կարգավորմանը և կարծում է, որ դրանք պետք է լուծվեն բացառապես երկխոսության ճանապարհով։ Կայունությունն ու խաղաղությունը կարևոր գործոն են տնտեսության զարգացման համար», – ասաց Չենը։
Չինացի դիվանագետը նշեց, որ այս տարածաշրջանի բոլոր երկրները Չինաստանի լավ գործընկերներ են, այդ իսկ պատճառով Պեկինը մտադիր է հետագայում ևս զարգացնել համագործակցությունը Երևանի հետ տարբեր ոլորտներում։
Չենն ընդգծեց, որ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման պահից ի վեր երկու երկրների փոխգործակցությունը կայուն զարգանում է։
«Մենք լավ արդյունքների ենք հասել տարբեր ոլորտներում։ Երկու երկրներն էլ համավարակի ժամանակ ծանր շրջան ապրեցին` օգնելով միմյանց, ինչը մեր ժողովուրդների միջև ամուր բազմադարյա բարեկամության վկայությունն է», – ասաց նա։
Նա շեշտեց, որ Հայաստանը առաջիններից մեկն աջակցեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին, և հավելեց, որ հայկական շուկայի և տեղական արտադրանքի նկատմամբ չինական ձեռնարկությունների հետաքրքրությունն աճում է, իսկ Շանհայի միջազգային ցուցահանդեսը, որը կանցկացվի Շանհայում 2024 թվականի նոյեմբերին, հնարավորություններ կբացի հայ ձեռնարկատերերի առաջ։