«Կրոկուս Սիթի Հոլի» գործով անցնողներին նոր մեղադրանք է առաջադրվել

Մոսկվայի Բասմանի դատարանը ահաբեկչության ենթադրյալ 4 կատարողների կալանքի ժամկետը երկարացրել է մինչև 2024 թվականի նոյեմբերի 22-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Քննությունը նոր մեղադրանք է առաջադրել «Կրոկուս Սիթի Հոլում» իրականացրած ահաբեկչության ենթադրյալ կատարողներին` ահաբեկչական կազմակերպության մեջ ներգրավված լինելու և ահաբեկչություն իրականացնելու նպատակով ուսուցում անցնելու հոդվածներով։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, տեղեկանում ենք Մոսկվայի Բասմանի դատարանի հրապարակած նյութերից։
«205-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետ (կազմակերպած խմբի կազմում ահաբեկչության իրականացում, որը հանգեցրել է մահվան), 205.5–րդ հոդվածի 2-րդ մաս (մասնակցություն ահաբեկչական կազմակերպությանը), 205.3–րդ հոդված (ուսուցում ահաբեկչական գործունեություն իրականացնելու նպատակով), 222–րդ հոդված 4 մաս (կազմակերպած խմբի կազմում զենքի ապօրինի շրջանառություն)», – դատավոր Եվգենիա Նիկոլաևան թվարկել է ՔՕ–ի հոդվածները։
Նախկինում այս երկու հոդվածերի մասին տեղեկություն չի եղել։
Այսօր Բասմանի դատարանը մինչև նոյեմբերի 22-ը երկարացրեց ահաբեկչության ենթադրյալ կասկածյալներ Դալերդժոն Միրզոևի, Մուրոդալի Ռաչաբալիզոդեի, Մուհամադսոբիր Ֆայզովի և Շամսիդին Ֆարիդունիի կալանքի և գործի քննության ժամկետները։
Մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքում գտնվող «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչություն էր տեղի ունեցել մարտի 22-ին. հարձակվողները կրակ էին բացել շենքում գտնվող մարդկանց ուղղությամբ և հրդեհել դահլիճը։ 145 մարդ էր մահացել, ավելի քան 550–ը տուժել էին։
Դատարանը երկարաձգել է «Կրոկուսի» ահաբեկչության գործով բոլոր 12 մեղադրյալների կալանքը
Ահաբեկչության գործով 12 մարդ էր կալանավորվել։ Կասկածյալներից 4-ին ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել կազմակերպված խմբավորման կազմում մահի հանգեցրած ահաբեկչություն իրականացնելու, իսկ մյուսներին` այդ հանցագործության կատարմանն աջակցելու համար։