Ինչո՞վ է բացատրվում Գուրգեն Արսենյանի նշանակումը. Սուրենյանցը` ՌԴ–ում ՀՀ դեսպանի մասին

Գուրգեն Արսենյան
Քաղաքագետը կարծում է, որ Արսենյանն այլևս չէր ցանկանում սերտ առնչություն ունենալ այս թիմի հետ և ցանկություն է հայտնել դիվանագիտական աշխատանքի անցնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Հայաստանը Ռուսաստանի հետ վստահելի հարաբերություններ կառուցելու նպատակ չի դրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ ՌԴ-ում դեսպան նշանակվելու փաստը։
Սուրենյանցի խոսքով՝ ըստ էության, Արսենյանը նախկինում հակառուսական այնպիսի հայտարարություններ է արել, որ ենթադրվում էր` նրա նշանակումը պետք է անհնարին լիներ։ Քաղաքագետը նկատում է՝ Հայաստանն առաջադրել է Արսենյանի թեկնածությունը, ռուսական կողմն էլ համաձայնել է, նշանակում է՝ խնդիրներ չեն տեսել։
«Ես կարծում եմ՝ հայ-ռուսական հարաբերությունները հիմա ճգնաժամի մեջ են։ Երբ որ բարելավման կամ վերափոխման խնդիր դրվի, երկուստեք գործիքներ կգտնվեն դրանք կարգավորելու, դեսպաններն ու դեսպանություններն էլ այդ տրամաբանությամբ կգործեն»,- ասաց նա։
Վերլուծաբանը շեշտեց, որ հայ-ռուսական հարաբերություններն ավանդաբար պայմանավորված չեն դեսպանների անձերով։
«Հայ-ռուսական հարաբերությունները սպեցիֆիկ են, որովհետև դեսպանների մակարդակով որևէ լուրջ խնդիր չի լուծվում, տրադիցիոն հարաբերություններ են, որոնք կայացել են, կամ զարգացումներ եղել են պետությունների ղեկավարների շփումների համատեքստում»,- ասաց Սուրենյանցը։
Իսկ ինչո՞ւ է թեկնածությունն Արսենյանի վրա կանգ առել․ Սուրենյանցի կարծիքով՝ հավանաբար չէր ցանկանում այլևս սերտորեն առնչություն ունենալ քաղաքական այս թիմի հետ, ցանկություն է հայտնել դիվանագիտական աշխատանքի անցնել, այդ ցանկությունն էլ բավարարվել է վարչապետի կողմից։
Հեռացավ Սարգսյանից, միացավ Ծառուկյանին, երկար մնաց Փաշինյանի մոտ․ ՌԴ–ում նոր դեսպանի մասին
Հիշեցնենք` Գուրգեն Արսենյանը 2023 թվականի հոկտեմբերին հաստատել էր, որ իրեն ՌԴ-ում դեսպան նշանակվելու առաջարկ արվել է, սակայն պատասխան այդպես էլ չի եկել։ Ավելի ուշ ԶԼՄ–ները գրեցին, որ Արսենյանի ագրեմանը հաստատելու որոշումը կայացվել է մայիսին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Մոսկվա` ԵԱՏՄ նիստին մասնակցելու:
Արսենյանը մանդատը վայր դնելու դիմում ներկայացրեց օգոստոսի 6-ին, դեսպան նշանակվեց այսօր` օգոստոսի 15-ին։