ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Հունիսի 17–ը ՀՀ–ում կնշվի որպես Հայրերի օր։ Օրենսդրական նման նախաձեռնությամբ է հանդես եկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը։
Պատգամավորն առաջարկել է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում։
Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածն ամրագրում է պետության պատասխանատվությունն ընտանիքի պաշտպանության դերի կարևորման հարցում: «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակների մասին» ՀՀ օրենքով սահմանված է Մայրության և գեղեցկության տոնը, որը նշվում է ապրիլի 7–ին, սակայն գործող կարգավորումները չեն սահմանում Հայրերի օրը:
«Աշխարհի մի շարք երկրներում Հայրերի օրը նշվում է` նպատակ ունենալով մեծարելու և երախտագիտություն հայտնելու հայրերին, արժանին մատուցելու նրանց կողմից կատարած զոհաբերությունների, ունեցած ավանդի և ներդրումների համար` հանուն իրենց երեխաների և ընտանիքի ապագայի և բարեկեցության»,– ասված է որոշման մեջ:
Նշվում է նաև, որ Հայրերի օրը ԱՄՆ–ում, Մեքսիկայում, Հնդկաստանում, Ճապոնիայում նշվում է հունիսի 3–րդ կիրակի օրը:
«Հայրերի օրն օգնում է ընդգծելու հայրության կարևորությունը երեխաների դաստիարակության և զարգացման, ընտանիքի կայացման հարցում: Ըստ գիտական հետազոտությունների` դաստիրակության մեջ ներգրավված հայրերի երեխաները մեծանում են զարգացած ճանաչողական կարողություններով, ունենում են ավելի բարձր ինքնագնահատական, կարողանում են առանց բարդության լուծել կոնֆլիկտները և ավելի քիչ վարքագծային խնդիրներ են ունենում: Իսկ իրենց երեխաների կյանքում ակտիվ ներգրավվածություն ունեցող հայրերն ավելի գոհ են, երջանիկ և առողջ: Նրանք ավելի քիչ վնասակար սովորություններ ունեն և ավելի երկար են ապրում: Բացի այդ, ավելի ամուր են կապված իրենց զուգընկերներին և ընտանիքի բոլոր անդամներին»,– գրել է Բաթոյանը:
Կառավարության կողմից հավանության արժանացած այս նախագիծը ներկայացվեց ԱԺ քննարկման։ Օրենքի փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10–րդ օրը:
Հայրերի ամենամյա տոնը շատ երկրներում նշվում է հունիսի երրորդ կիրակի օրը։ Հայրերի տոնը առաջին անգամ նշվել է ԱՄՆ-ում 1910 թվականի հունիսի 19-ին։