ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Հայաստանի դիմումը Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին, կապված ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտի հետ, ոչ մի արդյունք չի տա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ սպորտի և երիտասարդության նախկին նախարար, Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանը։
Ինչպես հայտնի է, Արթուր Ալեքսանյանը օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզրափակիչում 1-4 հաշվով զիջեց իրանցի Մոհամադհադի Սարավիին ու դարձավ արծաթե մեդալակիր։
Գոտեմարտից հետո ՀԱՕԿ-ը բողոք էր ներկայացրել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա և ստացել պատասխան, որ մրցավարները ճիշտ որոշում են կայացրել: Դրանից հետո ՀԱՕԿ– դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին:
Հաշվի առնելով նախադեպերը` նախկին նախարարը կարծում է, որ լավագույն դեպքում կորակազրկվի գոտեմարտը սպասարկող մրցավարը, բայց մեդալի փոփոխություն չի կարող լինել։
«Այդքան կոպիտ չէր խախտումը, որ մի բան լինի։ Միանշանակ բողոքարկումը արդյունք չի տա, «հետողորմյա» չեն անի: Մի հոգի չի որոշում այնտեղ, մրցավարական հանձնաժողով կա, որ նայել են տեսագրությունները, ուսումնասիրել են... Իրենք եթե արդեն որոշումը կայացրել են, մենք ոչ մի բանի չենք հասնի»,– ասաց նա։
Գաբրիել Ղազարյանը 2016 թ–ին նախարար էր, երբ Ռիո դե ժանեյրոյի օլիմպիական խաղերի ժամանակ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը զրկվեց ոսկե մեդալից` մրցավարական սխալ գնահատման պատճառով։ Հիշում է` միայն մրցավարին որակազրկեցին, բայց մեդալի հարցն անգամ չվիճարկվեց։
«Միհրանի ժամանակ ավելի վիճելի էր հարցը. դա խայտառակություն էր, ես տեսել եմ, այնտեղ եմ եղել, բայց ոչինչ չեղավ։ Մենք այն ժամանակ էլ սկսեցինք ընթացակարգը, բայց ոչ մի բանի չհասանք։ Սա էլ է օրինակ , որ անիմաստ է շարունակել»,– հավելեց Ղազարյանը։
Բայց անգամ այս դեպքերը հաշվի առնելով` Գաբրիել Ղազարյանը չի կարծում, թե Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան կամ Միջազգային օլիմպիական կոմիտեն հատուկ վատ վերաբերմունք են ցույց տալիս հայ մարզիկների կամ Հայաստանի նկատմամբ։
Ինչ վերաբերում է Փարիզ 2024-ին Հայաստանը ներկայացնող մարզիկների արդյունքներին, ապա Գաբրիել Ղազարյանի կարծիքով` մենք կարող էինք ավելի շատ մեդալ ունենալ, այդ թվում` մի քանի ոսկե մեդալ։
«Բայց սա սպորտ է ու հաղթում է ուժեղագույնը»,– ասաց նա։
Մյուս տարիներին ավելի շատ օլիմպիական մեդալներ ունենալու համար, ըստ նրա, պետք է ավելի շատ սպորտաձևով ներկայանալ օլիմպիական խաղերին։ Ըստ Գաբրիել Ղազարյանի` Հայաստանում կան օլիմպիական պոտենցիալ ունեցող մարզիկներ, բայց կառավարությունը նրանց պատշաճ ուշադրություն չի դարձնում։
«Մենք վերցրել ենք որպես պատգամ մի քանի մարզաձև ու տանում ենք դրանք, բայց մենք չենք մտածում, որ ուրիշ մարզաձևեր կան, որոնցից կարող ենք օլիմպիական խաղերի մասնակից հավակնորդներ ունենալ ու անգամ մեդալներ նվաճել։ Մի շարք մարզաձևերի մասին է խոսքը, որոնց ուշադրություն չի դարձվում բացարձակ։ Այդտեղից է պետք սկսել... Ունենք լավ մարզիկներ, բայց պետական ուշադրություն է պետք նրանց։ Պետք է ավելի լուրջ վերաբերվեն սպորտին»,– նշում է Ղազարյանը։
Նախկին նախարարը հիշեցնում է, որ ռեյտինգային միավորներ հավաքելու համար մարզիկները պետք է միջազգային մրցումների մասնակցեն, դրա համար հարկավոր է ֆինանսավորում, որը նրանք չունեն։ Ու հենց այստեղից են, ըստ նրա, սկսվում բոլոր խնդիրները։
«Իհարկե շատ լավ է, որ անցկացնում են Հայաստանում տարբեր միջոցառումներ, բայց միայն միջոցառումներ անցկացնելով չէ։ Իմ կարծիքով` ավելի լավ կլիներ, որ այդ գումարը տային որոշ ֆեդերացիաների, որ զարգանա սպորտը, շունչ քաշի...»,–հավելեց նա։
Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանը օլիմպիական խաղերում ներկայացրել են 15 մարզիկ 7 մարզաձևերում։ Հայաստանի 15 ներկայացուցիչներից մեդալների արժանացան 4–ը՝ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (արծաթ), հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (արծաթ), ծանրորդ Վարազդատ Լալայանը (արծաթ), հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (բրոնզ)։